Գագիկ Բեգլարյանի կալանքը երկարաձգել է 2 ամսով

 


Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել է 2 ամսով: Այս մասին հայտնել է փաստաբան Հրանտ Անանյանը։


Հիշեցնենք, որ գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։

—

Պեսկովը չխոսեց ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացման մասին

ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ որոշումները կախված կլինեն կազմակերպության ներսում ընթացող քննարկումներից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Կանոնադրական փաստաթղթերում իսկապես նախատեսված են որոշակի քայլեր։ Հետագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի քննարկումներ տեղի կունենան կազմակերպության շրջանակներում», — պատասխանել է Պեսկովը։


Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին և արդեն պաշտոնապես հայտնել է իր դիրքորոշումը հետագա մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ։ Ընդ որում, Պեսկովը չխոսեց կազմակերպությունից Հայաստանի հնարավոր հեռացման մասին։


Հարցը հնչել է ԱԳՆ-ի այն հաղորդագրության ֆոնին, թե Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից՝ երկու տարի շարունակ անդամավճարները չվճարելու պատճառով։ Նախօրեին հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ սպառվել է։

—

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտ

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը. Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման:


Այս մասին հայտնում են դատախազությունից։

—

Գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Հայաստանում

Հայաստանի համար ռուսական գազի հնարավոր թանկացումը կարող է անդրադառնալ ոչ միայն գազի սակագների, այլև էլեկտրաէներգիայի գնի վրա։ Գազի թանկացման ծավալից կախված՝ էլեկտրաէներգիայի գինը կարող է ավելանալ 1,4-ից մինչև 3,3 դրամով՝ մեկ կիլովատտ-ժամի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։


Նրա խոսքով՝ այս պահին հանձնաժողովը «Գազպրոմից» պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե ռիսկը բացակայում է։


«Չեմ ցանկանում ավելորդ հանգստացնել հանրությանը: Տայո, ռիսկ կա, բայց գործնականում դեռ ոչ մի փոփոխություն չկա», — նշել է Մեսրոպյանը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը չի փոխվի առնվազն մինչև 2027 թվականի մարտը։


Այժմ ռուսական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի համար արժե 174,46 դոլար։ Կարգավորող մարմնի հաշվարկներով՝ եթե գինն աճի 30%-ով, էլեկտրաէներգիայի սակագինը կարող է ավելանալ 1,4 դրամով՝ մեկ կիլովատտ-ժամի համար։ Ավելի կտրուկ՝ 69% աճի դեպքում, որը nhտարկվում է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի զեկույցում, էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է կազմել 3,3 դրամ՝ մեկ կիլովատտ-ժամի համար։


Մեսրոպյանը նաև ներկայացրել է գազի մատակարարումների ամբողջական դադարեցման սցենարը։ Նման դեպքում Հայաստանը ստիպված կլինի ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ էներգամատակարարումն ապահովելու համար՝ ավելացնել ջրառը Սևանա լճից Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի աշխատանքի համար, ինչպես նաև ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումը Վրաստանից և հարևան այլ երկրներից։


Միևնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ, նման սցենարի հետևանքները կարող են մասնակիորեն մեղմվել Հայաստանում արդեն իսկ զարգացած արևային էներգետիկայի շնորհիվ։

—

ՍԴ-ն պետք է ապաքաղաքական լինի. Վլադիմիր Վարդանյան

Դուք ինձ ճանաչում եք բավականին երկար, որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ, որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է և նման որևիցե ազդեցություն չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ՍԴ նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը երկրորդ անգամից միայն ընտվեց ՍԴ նախագահ, և արդյոք եղել են ճնշումներ իրեն ընտրելու համար։


«Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր, պարոն Շաթիրյանը և ես առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի համար, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտի այս կամ այն կարծիք, մենք, գտնվելով երդման ներքո, պարտավոր ենք առաջնորդվել ՍԴ մասին օրենքով նախատեսված կարգավորումներով և Սահմանադրությամբ և ավելին ես ասել չեմ կարող»,–ասաց նա։


Դիտարկմանը, որ ժամանակին ՔՊ–ն մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանը լինելով կուսակցական դարձել է ՍԴ նախագահ, արդյոք նույն խոսակցությունները հիմա չեն լինի նաև իր դեպքում՝ հաշվի առնելով, որ ինքըն էլ եղել է ՔՊ անդամ, Վարդանյանն ասաց. «Ես 15 տարի 7 ամսվա փորձառություն ունեի Սահմանադրական դատարանում։ Չի եղել որևիցե պաշտոն Սահմանադրական դատարանի աշխատակազմում, որը ես չեմ զբաղեցրել՝ սկսած գլխավոր մասնագետից, ավարտված աշխատակազմի ղեկավարով։ Որևիցե պարագայում ծառայողական կամ սոցիալական լիֆտից ես չեմ օգտվել։ Այո, ես եղել եմ պատգամավոր, այո ես եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ և երդման շրջանակներում եմ ես տալիս իմ պատասխանները։


Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադրի կամքին հետևող, ՍԴ–ն պետք է շարունակի կատարել իր գործառույթները այնպես, ինչպես դա կանխորոշել է սահմանադիրը, այնպես, ինչպես դա սահմանված է սահմանադրությամբ։ Որևիցե քաղաքական հայտարարություն ՍԴ որևիցե անդամի կողմից, որևիցե պարագայում չպետք է դիտարկվել որպես թույլատրելի հայտարարություն։ Ով որտեղից էլ գա, նա պարտավոր է գտնվել երդման ներքո և իրականացնել այն գործառույթները, որոնց համար լիզորվել է սահմանադրությամբ»,–ասաց նա։

—

Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում

 


Wizz Air ավիաընկերության՝ Պրահայից Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը ուղղորդվել է Վենետիկ՝ օդանավում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդման պատճառով, հայտնել են Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայությունից (Enav)։


«Պայթյունի սպառնալիքի պատճառով տագնապ է հայտարարվել Wizz Air-ի Պրահա–Հռոմ չվերթի առնչությամբ։ Տեղեկություն է ստացվել օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին, ինքնաթիռը վայրէջք է կատարել Վենետիկում», — հայտնել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով՝ իտալական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, թե զանգ է ստացվել «Ֆյումիչինո» օդանավակայանի կարգավարական ծառայությունում, չի համապատասխանում իրականությանը։ Ոլորտի աղբյուրների տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումն ստացվել է անմիջապես Enav-ում։

—

ՀՀ-ն ու Կիպրոսը կհամագործակցեն կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներու

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։


Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։


Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս պատմական ու բարեկամական կապերը՝ վստահություն հայտնելով, որ այցը նոր խթան կհաղորդի կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։  Աթենա Միխայիլիդուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման և ոլորտային փոխգործակցության զարգացման կարևորությունը։


Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, այդ թվում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դասագրքերի արդիականացման և կրթական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Աթենա Միխայիլիդուն ևս անդրադարձել է Կիպրոսում ընթացող կրթական բարեփոխումներին՝ կարևորելով այս ուղղությամբ փորձի փոխանակումը։


Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է FAST հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ երեք բուհերում ներդրվելիք Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթամյա կրթական ծրագիրը։ Կիպրոսի ԿՍԵ նախարարը ներկայացրել է եվրոպական գործընկերների հետ ուսուցիչների համար ԱԲ կիրառման ուղեցույցների մշակման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով դրանք փոխանցելու հայկական կողմին։


Քննարկվել են նաև համալսարանների միջև գործընկերության, ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտությունների և կրթական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են նաև միջին մասնագիտական կրթության զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ներկայացվել է ԹՈՒՄՈ և ՔՈԱՖ կենտրոնների, ինչպես նաև ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։


Կարևորվել են նաև երիտասարդության ոլորտում համատեղ ճամբարների և փոխանակման ծրագրերի իրականացումը, սպորտի ոլորտում համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող սպորտային խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի խաղերին և ծանրամարտի աշխարհի առաջնությանը։


Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Աթենա Միխայիլիդուն ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների ոլորտային կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդման համար։

—

Գազատար է վնասվել. Կապանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է

Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:45-ից դադարեցվել է Կապան քաղաքի Թումանյան, Չարենցի, Ա․ Մանուկյան, Նժդեհի, Ազատամարտիկների, Մ․ Ստեփանյան փողոցների, Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։


Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

—

Աջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին. Ուրուգվայի պատգամավորների

ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Մարիա Կարապետյանը և Լուսինե Ավետիսյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Ուրուգվայի Հանրապետության Պատգամավորների պալատի հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սատջյանի հետ։ 


Զրուցակիցներն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, կարևորել խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնումն ու փոխայցերը։ Հյուրի խնդրանքով անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հուշագիր ստորագրելու հնարավորությանը։


Գործընկերները փաստել են՝ Հայաստանը և Ուրուգվայը համագործակցելու լայն հնարավորություններ ունեն առողջապահության, առևտրի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։ Զրուցակիցները վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը նպաստելու և միջխորհրդարանական կապերն ու շփումները խորացնելու պատրաստակամություն են հայտնել։


«Աջակցել և շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մասնավորապես ասել է Խոսե Լուիս Սատջյանը։ Նա գործընկերներին հրավիրել է այցելել Ուրուգվայ, ինչը սիրով ընդունվել է։


Անդրադարձ է կատարվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

—

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ

Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների անվտանգության հետ կապված հարցերը։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանցից յուրաքանչյուրի համար և նրանց վտանգի չենք կարող ենթարկել։


Տարբեր երկրներից նախաձեռնությանը միացան իրենց հասարակական և մասնագիտական գործունեությամբ հայտնի կանայք, որոնք պատրաստ էին այցելել Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու ծանրոցները։


2026 թվականի հունիսից ես մի քանի անգամ դիմել եմ Ադրբեջանի օմբուդսմենին՝ առաջարկելով այցի տարբեր ձևաչափեր՝ ամբողջ պատվիրակությամբ, փոքր խմբով կամ նրա աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ: Խնդրել եմ նաև համաձայնեցնել անվտանգության պայմանները։ Ցավոք, պատասխան այդպես էլ չեմ ստացել:


Փոխարենն այս ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան Բաքու մեկնելու պարագայում իմ հնարավոր ձերբակալության մասին։ Մեզ նաև անհանգստացնում է, որ օգոստոսի 25-ից նույնիսկ Ռուբենի տեղացի փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։ Ցանկանում ենք հուսալ, որ այդ հարցը կկարգավորվի:


Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը։ Օգոստոսի 17-ին իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած մեր հանդիպումից հետո մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել, իսկ մեր գրավոր հարցումը դեռևս անպատասխան է մնում։


Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերը զարգանում են, հայկական պատվիրակություններն այցելում են Ադրբեջան։ Սա վկայում է, որ առկա են բոլոր նախադրյալները մարդասիրական այց կազմակերպելու համար, և հայ բանտարկյալներին այցելելու հարցը պետք է ներառվի նման այցերից մեկի օրակարգում։


Մենք որոշեցինք չհետաձգել այն նամակների փոխանցումը, որոնք պատվիրակությունը պետք է անձամբ հանձներ հայ գերիներին։ Հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել է բոլոր հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ՝ խնդրանքով աջակցել դրանք Բաքու հասցնելու հարցում։ Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր նամակ կհասնի իր հասցեատիրոջը։ Կարևոր է, որ յուրաքանչյուր բանտարկյալ ստանա աջակցության խոսքեր և իմանա, որ իրեն հիշում են։


Շնորհակալ եմ պատվիրակության յուրաքանչյուր մասնակցի և բոլոր նրանց, ովքեր աջակցության նամակ են գրել։


Մեր նպատակը մնում է անփոփոխ՝ տեսնել մեր հարազատներին և վերականգնել բանտարկյալների կապն իրենց ընտանիքների հետ։ Մենք շարունակելու ենք այս աշխատանքը, մինչև նրանք բոլորը տուն վերադառնան։ Մենք գիտակցում ենք, որ այս ճանապարհը կարող է երկար լինել, բայց հավատում ենք, որ այն կհանգեցնի արդարացի լուծման։


Վերոնիկա Զոնաբենդ




—