Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլմազը ցուցմունք է տվել՝ պատմելով 2005-ին FETÖ-ի Անկարայի ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
Միջանկյալ նշենք, որ FETÖ հապավումը նշանակում է ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն: Թուրքական իշխանությունները և մամուլն այդպես են անվանում իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած իսլամական շարժումը և գյուլենական համայնքը:
Ըստ Յըլմազի ցուցմունքի՝ ինքը Ահմեթ Շ. անունով մի ենթասպայի հրավերով 2005 մեկնել է Անկարա, որտեղ գյուլենականներին պատկանող հյուրանոցում հանդպել է Իսմայիլ Է.-ի հետ:
Յըլմազը նշել է, որ հանդիպման ժամանակ Իսմայիլը խոսել է Դինքի մասին՝ նշելով թե վերջինս փորձում է հայկական լոբբի ձևավորել, երկիրը գցում է բարդ վիճակի մեջ և հարկավոր է նրան վերացնել: Առաջարկից հրաժարվելուց հետո գյուլենականները ծուղակն են գցել Յըլմազին:
Յըլմազը գյուլենականների հետ հանդիպումից մեկ այլ ուշագրավ դրվագ էլ է ներկայացրել: Հանդիպման ժամանակ զրուցակիցը ցույց է տվել կառավարության շենքը և ասել. «Եթե ցանկանանք, վարչապետին (այդ ժամանակ վարչապետը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր – խմբ.) այստեղից կարող ենք սպանել»: