Նախօրեին թուրք ազգայնամոլները կատաղի հարձակման են ենթարկել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցներին:
Ըստ ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքով հանդես եկող հայ, քուրդ, հույն և ասորի համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչների վրա են հաձակվել Թուրքիայի դրոշը կրող մի խումբ թուրքեր և դաժան ծեծի ենթարկել որոշ ցուցարարների: Մի քանի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկարահանել է հարձակման մի մասը և տեղադրել հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: Արամ Համբարյանը նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում նմանատիպ ազգայնամոլական հարձակումն անսպասելի էր, թեև Թուրքիայում և այլ բռնատիրական երկրներում այդպիսի միջադեպերը սովորական բնույթ են կրում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանը, փաստորեն, փորձ է անում ԱՄՆ տեղափոխել իր երկրին բնորոշ անհանդուրժողականությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալիք Էրդողան – Թրամփ հանդիպման առթիվ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը և ազգային փոքրամասնությունների մի շարք այլ կազմակերպություններ խաղաղ ցույց էին կազմակերպել Թրամփի նստավայրի դիմաց՝ բողոքելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ: