Սիրելու բանաձևը և քաղաքականությունը

Նյըւթ
0:29 - 1/Հուլիս/2017
https://urldefense.proofpoint.com/v2/url?u=http-3A__nyut.am_-3Fp-3D139525-26l-3Dam&d=DwIGaQ&c=clK7kQUTWtAVEOVIgvi0NU5BOUHhpN0H8p7CSfnc_gI&r=LVw5zH6C4LHpVQcGEdVcrQ&m=BppaoyIg_SXu4o_EmcIbK03lwMaXKRUup8VT37mNpOE&s=dsQf0tbs29tqDJbjGs_xFlHHmTpId1TlVvO2DZABlLs&e=
 


Սիրելու բանաձևը և քաղաքականությունը


Մեզ մոտ կացնային սկզբունքով է քաղաքականության մեջ. կամ` կաս, կամ` չկաս: Եթե դու 
իշխանություն չդարձար, ապա դու չկաս: Ծեծված բառով ասած` քաղաքական դիակ ես: Ու 
վերջ. քեզ ճար ու ճամփա չկա քաղաքականություն վերադարձի: Նույնիսկ կարծիք հայտնել 
էլ չես կարող. չէ՞ որ այլևս ձիու վրա չես: 

Ու դրա համար այնքան կոպիտ ենք ու այնքան բռի ենք: Կոպիտ ու բռի ենք մեր 
տեսակետների մեջ, մեր մտածողությամբ: Որովհետև մեր տեսահորիզոնն է փոքր, ու մեր 
սիրտն է վախեցած ու նեղ դարձած: Ուստիև քաղաքական մեր տեսակետների կամ 
քաղաքագիտական մեր գնահատականների մեջ պետք է գերիշխի էմոցիան: Եվ հիմնականում` 
բացասական էմոցիան: Ի վերջո, երեկ նա քո մրցակից հակառակորդն էր, ու դու հաղթեցիր 
նրան: Չէ՛, դու գետնեցիր նրան: 

Ինչո՞ւ այսքան երկար նախաբան եղավ: Որովհետև լսեցի Րաֆֆի Հովհաննիսյանին ու 
հասկացա, թե որքան է մեր քաղաքական, հասարակական, նաև հենց լրագրողական միտքը հետ 
մնում իր պատկերացումների մեջ: Հասկացա, որ կա մի աստիճան, որից մենք այլևս չենք 
կարողանում բարձրանալ: Դեմ ենք առնում բարոյական մի պատնեշի ու սկսում ենք 
տեղապտույտ տալ:

Ու այդ տեղապտույտի մեջ ենք ահա արդեն քանի տարի կամ տասնամյակ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի՞ մասին էր խոսում: Խոսում է այնպիսի արժեքների մասին ու 
այնպիսի բարձրությունից, որ, կներեք, ինձ մի պահ թվում էր, թե խոսքերը քամուն են 
տրվում: 

Նախ` Րաֆֆու աղոթքի այդ չարչրկված թեման: Ով չալարեց այս տարիների ընթացքում, դա 
հիշեց: Պատկերը պարզ էր, բառերը հասու էին ամենքին. Րաֆֆին գնաց ու 
Ծիծեռնակաբերդում աղոթեց, երբ ժողովուրդը հորդացած էր հրապարակներում:
Բայց այստեղ խոսքն ավարտվում էր, այլևս չէին շարունակում, որ պետական ոստիկանական 
մեքենան իր մկաններն էր ցույց տալիս ու ամբողջ դաժանությամբ պատրաստվում էր գործի 
մեջ նետվել:

Դե, հեշտ է ասել` գնայի՛ր մինչև վերջ, Րաֆֆի:
Բայց, ա՛յ, եթե գնար, ու հատկապես եթե արյուն թափվեր, իսկ մեր երկրի պատմությունից 
հայտնի է, որ արյուն թափվելն էլ արդյունք չի տալիս. իշխանությունը մնում է իր 
տեղում նստած, ապա` ի՜նչ հայհոյանք, ինչ` է՛ս , է՛ն:

Մի խոսքով` կեղծ է խոսակցությունը, և ավելի վատը` անազնիվ է իր բուն էությամբ:
Կամ` Րաֆֆին, ասում են, որ քաղաքական դիակ է: Այդ ո՞վ մի օր քաղաքական դիակ չի 
դառնում. իսկ շատ հաճախ մարդկանց` դիակ դառնալու հաշվին չէ՞, որ ինչ–որ բան է 
կատարվում, զարգանում, ծնվում ու ընթանում առաջ: Սերմն էլ է մի օր դիակ դառնում, 
որպեսզի ցորենի հասկը ծփա: 

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է այն մասին, թե այդ ովքե՞ր են, որ բարոյական իրավունք 
ունեն հրել մարդկանց, հրել Ժիրայր Սեֆիլյանին, հրել իրեն, հրել ցանկացած մարդու: 
Թեկուզ հրողները լինեն ոստիկաններ (երևույթի ամենամեղմ կողմն է մատնացույց անում 
խոսքի մեջ. ծեծելը, խոշտանգելը անտեսում է):

Բանն այն է, որ այս թեման կարևորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ի զարմանս շատերի: Դա 
էլ հա՞րց է, որ դրա մասին խոսես, էլ կարևոր թեմա չկա՞ այս երկրի քաղաքական 
դաշտում` կմտածեն շատերը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այս հարցն է կարևոր համարում: 
Մենք չգիտենք, բայց նա գիտի, թե` ինչու: Գուցե սա՞ է մեր և նրա տարբերությունը: 
Մեր և արևմտյան քաղաքական դպրոց անցած, քաղաքական քաղաքակիրթ հարաբերություններ 
դավանող այս մարդու:

Երեսպաշտությունն ու կեղծիքը ամեն տեղ է վատ: Վատ է նաև քաղաքականության մեջ: Ա՛յ, 
որ Րաֆֆիին մեղադրում են ապրիլի 9–ի համար, որ շարժումը մարեց, նա էլ մեղմ ձայնով, 
ժպտալով, համարյա ներողություն խնդրելու պես հարց է տալիս` եթե մեզ մեղադրում են , 
ապա որտե՞ղ էին մեղադրող ուժերը, ինչո՞ւ հրապարակում չէին: Ո՞ւր էր 
Հանրապետություն կուսակցությունը` իր լիդերով, ու՞ր էր Դաշնակցությունը, ո՞ւր էր…. 
Եվ այսպես շարունակ:

Եթե ձեզ, իրոք, պետք էր, որ այս երկրում համակարգ փոխվեր, ու այն առաջ գնար, գայիք 
հրապարակ: Հնարավորություն էր ստեղծված, հնարավորությունը բաց չթողնեինք:
Հիմա քաղաքական հնարավորությունների վերաբերյալ Րաֆֆու խոսքը` մոտավոր շարադրմամբ` 
եթե հաջորդ անգամ հնարավորություն լինի, ես չեմ լինելու: Բայց այդ 
հնարավորությունը չմսխենք:

Պատկերացնո՞ւմ եք հայաստանյան քաղաքական դաշտում մի ուժ այդպես ասի: Ասի` թեկուզ 
առանց ինձ, բայց փոփոխություն լինի երկրի կյանքում: Իմ հավատը չի գալիս. ձերը` 
չգիտեմ:

Հետո նա խոսեց էտի մասին: Ամեն ինչը պետք է էտվի, որպեսզի նորանա–թարմանա: Էտվեց 
նաև իրենց կուսակցությունը (ինչ ճիշտ ու գեղեցիկ բառ է ընտրված): Ու պատկերացնո՞ւմ 
եք` Րաֆֆին սիրով խոսեց իր կուսակցությունը լքած անձանց մասին: Խոսեց հարգանքով` 
բարի ժպիտը դեմքին: 

Հետո Րաֆֆին խոսեց հանրային ծառայության մասին: Խոսեց նոր վիճակի ու քաղաքական նոր 
բովանդակության մասին: Հետո վախեցրեց մարդկանց կուսակցապետությունից ու 
սերժապետությունից: Հետո զարմացավ, թե ինչպե՞ս կարելի է մարդը` հայրենիքի համար 
կռված ու այն ազատագրած մարդը, խանգարի այդ հայրենիքի առաջընթացին: Այնքան անկեղծ 
էր իր զարմանքի մեջ:

Եթե մենք` ամենքս, Րաֆֆու նման մտածենք, մեր երկիրը կդառնա երկիր: Եվ այդ ժամանակ 
է արդեն, որ խորամուխ կլինենք Րաֆֆու սիրելու բանաձևի մեջ ու այն մի օր 
կբացահայտենք:

Գոհար Սարդարյան