ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին ինքնիշխան որոշումներ կայացնելու գործիքներ տալ. դեսպան

  • 26.08.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

 430

Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվող լարվածությունը ինչ անդրադարձ է ունեցել Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների վրա:


«Հայաստանը լավ աշխատանք է տանում՝ հավասարակշռելով հարաբերությունները իր բոլոր հարևանների՝ ներառյալ Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ: Հայաստան գալուն պես իմ դիրքորոշումը հստակ է եղել՝ ԱՄՆ-ն Հայաստանի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես «զրո» արդյունքով մի խաղ, այսինքն՝ մեր հարաբերությունները պետք է ավելի ամուր, խորը լինեն, սակայն այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները պետք է վատանան: Դա երբեք չի եղել ԱՄՆ կառավարության նպատակը, և չեմ կարծում, որ դա Հայաստանի կառավարության նպատակն է», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ցանանում է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում:


«Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Կարծում եմ, լավ օրինակ ունենք Հայաստանի ունակության առումով՝ հավասարակշռելու իր շահերը և աշխատելու Միացյալ Նահանգների հետ: Դա Հայաստանի մասնակցությունն էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին, որոնք այս օգոստոսի սկզբին էին: Հայաստանը պետք է հպարտ լինի, որ ՀԱՊԿ միակ անդամն էր, որ մասնակցեց այդ զորավարժություններին և շատ կարևոր ներդրում ունեցավ՝ ապահովելով բժշկական ծառայությունը, որը սպասարկում էր մասնակից բոլոր երկրներին: Դա օգնեց Հայաստանի զինված ուժերին, այդ զորավարժություններին ու Եվրոպայում անվտանգության ապահովմանը», – ասել է դեպանը:


Նրա խոսքով, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև իրականացվում է ընդարձակ համագործակցություն նաև ռազմական ոլորտում: Այս մարտ ամսին ամերիկյան կողմի աջակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության «Զառ» ուսումնական կենտրոնում սկսվեցին վերանորոգման աշխատանքները:


«Մեր օգնությամբ վերանորոգվում է, և ուր իր վարժանքներն է անցկացնելու Հայաստանի խաղաղապահ բրիգադը: Հայաստանի խաղաղապահ բրիգադը և նրա ներգրավվածությունը Աֆղանստանում, Կոսովայում, Լիբանանում, միջազգային դիվանագիտության մեջ Հայաստանի աճող կարևորության և միջազգային անվտանգության համար արված Հայաստանի ներդրման իրական չափանիշն է: Մեր ռազմական համագործակցությունը ավելի լայն է, քան վարժանքների այդ կենտրոնի շուրջ աշխատանքներն են կամ մեր աշխատանքը հայաստանյան խաղաղապահ բրիգադի հետ: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցության լայն շրջանակի ուղղությամբ», – հավելելով, որ դրանք ընդգրկում են երեք ոլորտներ:


«Առաջին՝ ռազմական ոլորոտում մեր ֆինանսավորման ծրագիրն է: 2002-ից, երբ մեր ռազմական համագործակցությունը իրապես խորացավ, մենք 49 միլիոն դոլար ենք հատկացրել Հայաստանի զինված ուժերի համար սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ սկսած անհատական պաշտպանության միջոցներից մինչև ռադիոկապի միջոցներ և բժշկական սարքավորումներ: Մենք ունենք միջազգային ռազմական ուսումանական ծրագիր, և 2002-ից հատկացրել ենք 7.5 միլիոն դոլար՝ ապահովելու հայաստանյան 200 սպաների, ենթասպաների և Պաշտպանության նախարարության քաղաքացիական աշխատակիցների ուսուցանումը ԱՄՆ ռազմական ինստիտուտներում, ակադեմիաներում՝ սկսած Ազգային ռազմական քոլեջից մինչև Գլխավոր շտաբի քոլեջ: Եվ վերջապես, համագործակցության երրորդ բաղկացուցիչը հումանիտար աջակցության ծրագիրն է: Գերզանցապես Կանզասի ազգային գվարդիայի միջոցով մեր հումանիտար աջակցության ռազմական միավորումները գալիս են Հայաստան և աշխատում են մանկատների, դպրոցների վերանորոգման, բնակավայրերի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: 2002 թվականից 5 միլիոն դոլար ենք հատկացրել այդ ծրարգրերին», – եզրափակել է նա: