Բռնություն, որոշումներ կայացնելու ազատություն, ամուսնություն. Ինչպե՞ս են ապրում հայ կանայք

  • 29.08.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 182

Ներկայումս Հայաստանում կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: 2000 թ-ից ի վեր ծնելիության մակարդակը մնացել է կայուն: 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած «Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16. հիմնական արդյունքներ» զեկույցում նշվում է, որ ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի՝ Արագածոտնի և Գեղարքունիքի 1.1 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցներից մինչև Տավուշի 2.4 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցը:

Ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: Այսպես, միայն հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում այս գործակիցը կազմում է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ 1.6 ծնունդ մեկ կնոջ հաշվով: 

Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը: 25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 21.2 է: Սա նշանակում է, որ կանանց և տղամարդկանց կեսը սկսում է սեռական կյանքը մինչև 21.2 տարեկանը, իսկ մյուս կեսը՝ 21.2 տարեկանից հետո: Հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 18.6 է, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ 23.9: Որևէ հստակ կապ առաջին սեռական հարաբերության ժամանակ տղամարդկանց տարիքի և նրանց կրթական մակարդակի միջև չկա:

Կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4 է, այսինքն՝ սեռական կյանքը սկսելուց հետո՝ կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան տղամարդկանց շրջանում ամուսնության մեդիան տարիքը 25.9 է: Կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 18.8 տարի հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում և 24.1՝ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում: 

Կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո մոտ 1.5 տարի անց. մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 է: Մեդիան տարիքն էապես փոփոխվում է ըստ մարզերի: Այդպես, Գեղարքունիքում բնակվող կանանց համեմատությամբ՝ Երևանում բնակվող կանանց մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է:

Հեղինակները նշում են, որ դրամական վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են, թե ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը. նրանց 28 տոկոսը որոշում է ինքնուրույն, իսկ 67 տոկոսը՝ ամուսնու հետ համատեղ: Կանանց երկու երրորդը վաստակում է ամուսնուց ավելի քիչ:

Բերվում են տվյալներ նաև բռնության ենթարկված կանանց մասին: Այդպես, երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 տոկոսը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում:

Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝ համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 տոկոսի հետ: Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 24 տոկոս հիմնական կրթություն ունեցող կանանց և 9 տոկոս բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:

Ինչ վերաբերում է սեռական բռնության դեպքերին, ապա զեկույցում արձանագրվում է, որ 15 -49 տարեկան կանանց 1 տոկոսը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 1 տոկոսից պակասը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել սեռական բռնության (4 տոկոս): 

15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 տոկոսը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել ֆիզիկական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում (14 տոկոս):

Նշվում է, որ երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 29 տոկոսը բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որևէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված 10-ը կանանցից 4-ը երբեք չեն դիմել օգնության և ոչ մեկին չեն պատմել բռնության մասին: