- 21.09.2017
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չգիտի տարածքներ, որոնց կորուստը չի վտանգում Արցախի անվտանգությունը: Այս մասին գրում է tert.am-ը:
«Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»,- պատասխանելով հարցին, թե որևէ տարածքի վերադարձը Ադրբեջանին իր հետևանքները կարո՞ղ է ունենալ՝ ասաց Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին խոսելով տարածքների վերադարձի հնարավորության մասին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ խոսքն այն տարածքների մասին է, որոնք Արցախի անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում։
Մոսվսես Հակոբյանը նաև նշեց, թե «որևէ քաղաքական գործչի»՝ կառավարության անդամի ասածների վերաբերյալ որևէ հայտարարություն չի կարող անել:
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը չպատասխանեց նաև հարցին, թե տեղյա՞կ է՝ որ տարածքների հանձնման մասին է խոսքը. «Որքանով տեղյակ եք՝ բանակցությունները վարում է քաղաքական իշխանությունը, զինվորական ղեկավարությունը բանակցություններ չի վարում»:
Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանն ասաց. «Բանակը կատարելու է այն հրամանը, ինչ կորոշի քաղաքական ղեկավարությունը»:
Ավելին՝ ԳՇ պետը հավելեց, որ Արցախին անվտանգության լրացուցիչ տարածքներ են պետք, որոնք էլ ավելի կերաշխավորեն Արցախի Հանրապետության անվտանգությունը:
ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին էլ Հակոբյանն ասել է. «Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի համար»։