ԱԳ տարածքում հակամարտությունները տարբեր են. Արցախյան հարցը նման չէ ոչ մեկին. Աշոտյան

  • 01.11.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 298

Արեւելյան գործընկերության շրջանակում ընդգրկված յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական հետաքրքրություններն ու ուղեգիծը: Այս մասին Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի բացմանը՝ Արեւելյան գործընկերության ապագայի եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ քննարկմանը հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:


Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական շրջանակի ձեւավորումը եւ Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրումը: Նա նաեւ հույս է հայտնել մոտ ապագայում վիզաների ազատականացման գործընթացի հետ կապված դրական արդյունքների արձանագրման վերաբերյալ:


Իր խոսքում Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ Արեւելյան գործընկերության հարթակի արդյունավետ ծառայեցումն Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների շահերին:


Անդրադառնալով Արեւելյան գործընկերության անդամ երկրների միջեւ առկա տարբերություններին՝ Աշոտյանը կարեւորել է այնպիսի արժեքների սահմանումը, որոնք կլինեն ընդհանուր եւ ընդունելի Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար:


Անդրադարձել է Աշոտյանը նաև Արեւելյան գործընկերության երկրներում առկա հակամարտություններին եւ նշել, որ Եվրանեսթ-ը հակամարտությունների կարգավորման հարթակ չէ, սակայն այն կարող է դիտարկվել որպես եզակի միջոց հակամարտող պետությունների՝ մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների միջեւ քաղաքական երկխոսության ծավալման համար: Այս համատեքստում նա կարեւորել է այն հանգամանքը, որ Վեհաժողովը Կիեւում ընթացող իր աշխատանքներում կարողացել է ընդգծել եւ արձանագրել այն կարեւոր փաստը, որ Արեւելյան գործընկերության երկրներում առկա բոլոր հակամարտությունները տարբեր են, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ խնդրի կարգավորումը հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Արմեն Աշոտյանը կարեւորել է այն, որ Վեհաժողովը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:


Հայ պաշտոնյան ընդգծել է նաեւ այն հանգամանքը, որ Արեւելյան գործընկերությունը թղթի վրա նշված պայմանավորվածություն եւ փաստաթղթաշրջանառություն չէ եւ չի կարող լինել, այն հարթակ է Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիների ակնկալիքների արդարացման համար՝ գործունեության հիմք եւ նպատակ դարձնելով բարեփոխումների իրականացումն ու ամենօրյա հետեւողական աշխատանքը:


Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանն Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովի շրջանակում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայանագրի ստորագրման հետ կապված նշել է, որ իրավական այս նոր շրջանակում Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ եւ միաժամանակ ունենալու է իրավականորեն պարտավորեցնող համաձայնագիր Եվրոպական միության հետ: Այս համատեքստում նա նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կլինի հղում միջազգային հանրությանն առ այն, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը չպետք է լինեն հակամարտող կողմեր, եւ Հայաստանն այս պարագայում կարող է հանդիսանալ կապող օղակ՝ երկու միավորումների տարբեր տնտեսական եւ քաղաքական ջանքերի միավորման համար: