Գագիկ Բեգլարյանի հովանավորյալ Ռուբեն Սադոյանը նշանակվեց Վրաստանում ՀՀ դեսպան

  • 31.10.2017
  •  

  • Հայաստան
  •  

     

9
 390

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):


Հիշեցնենք, տևական ժամանակ շրջանառվում էր այն մասին, որ դեսպան կնշանակվի Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, սակայն վերջերս Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը հաղորեց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ի կողմից նորանշանակ դեսպանին հավատարմագրեր չի տվել: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկատվությունը ստուգելու համար կապվել է արտաքին գերատեսչության հետ: «Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: 


Մինասյանը մի քանի հոդված է հրապարակել, որտեղ «Ջավախքի հարցը լուծելու համար Ռուսաստանի ներգրավվածությունն է պահանջել»,- ասվում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության` Մոամբեի հոդվածում, որը չի համապատասխանում իրականությանը:


Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալն է:


Ըստ շրջանառվող լուրերի, նրա թեկնածության հաստատման համար ակտիվ լոբբինգ է կատարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ:


Այդ կարպերը հատկապես ամրապնդվել էին Գագիկ Բեգլարյան նախարարի պաշտոնավարման ժամանակ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Բեգլարյանը շատ ջերմ հարաբերություններ ունի հատկապես Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վերջինս, ինչպես գրել էր մամուլը, Վրաստանի կառավարության մի քանի անդամ նախարարների հետ անցյալ տարվա սեպտեմբերին ներկա է գտնվել նաեւ Գագիկ Բեգլարյանի տղայի՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքին:


Նշենք նաեւ, որ դեսպանի պաշտոնը հատկապես Վրաստանում, որտեղ ՀՀ-ի եւ տեղի հայ համայնքի հետ կապված առկա են բազմաթիվ զգայուն խնդիրներ, նշանակում է նաեւ որոշակի ակտիվ հանրային գործունեություն: Իսկ Ռուբեն Սադոյանը, որն անընդմեջ երկու անգամ (2007-2017 թթ) ընտրվել է ԱԺ, եղել է ամենալռակյած պատգամավորներից:


Հիշեցնենք, նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սադոյանը ժամանակին մեծ պարտքեր ուներ հայաստանյան բանկերին: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը 2015 թ-ին հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի Աժ պատգամավոր (այդ ժամանակ նա դեռ պատգամավոր էր) Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ուներ:


Ըստ հրապաևրակման, բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: Այդ ժամանակ ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում էր գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի:


Ռուբեն Սադոյանի կենսագրությունը.


Նա ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում:


1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:


1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում` տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն:


2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:


2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:


Ամուսնացած է, ունի երկու երեխա: