- 31.10.2017
- Հայաստան
- arm
- rus
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։
2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։
Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։
Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախնական տեղեկություններով, ոստիկանության վնասազերծումից հետո, պատանդառու տղամարդը վնասվածքներ չի ստացել, նրան ոստիկաններն արդեն տարել են ոստիկանության բաժին: Նախնական տեղեկություններով, տղամարդն ինքն իրեն է վնասել, վնասվածքները թեթեւ են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Մանուշակ» մանկապարտեզում պատանդի կարգավիճակում էր 3 տարեկան մի տղա: Պատանդառուն անձնական բնույթի պահանջ էր ներկայացրել, որը ոստիկանությունն այս պահին նպատակահարմար չի գտնում հրապարակել: Հայտնի է նաեւ պատանդառուի անուն-ազգանունը, սակայն ոստիկանությունը քննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի հաղորդում: