- 31.10.2017
- Հայաստան
- arm
Սեյրան Օհանյանի կինը ` Ռուզաննա Խաչատրյանը, որ օրերս սկանդալային գրառման հեղինակ էր դարձել, շարունակում է ինտրիգի մեջ պահել հանրությանը` սոցիալակա ցանցում նոր գրառում կատարելով:
Գրառման մեջ մասնավորապես ասված է .
«Իմ գրառմանը վերաբերող բազմաթիվ վերլուծությունների մեջ կար մի վերլուծություն, որով հեղինակը ենթադրում էր, որ իմ գրառումը քաղաքական ենթատեքստ ունի, և Սեյրան Օհանյանը, ընտրություններում չհաղթելով, պատրաստվում է գարնանը հեղափոխության։
Ընտրական գործընթացը պետության քաղաքական կյանքում քաղաքացիների մասնակցության ամենատարածված ձևն է, շատ կարևոր ինստիտուտ, որով ապահովվում է իշխանության եկող ուժի լեգիտիմությունը:
ՀՀ-ում 1995 թ.-ից սկսած մեր հասարակության բոլոր շրջանակների կողմից իրավացիորեն կասկածի տակ են դրվել բոլոր ընտրությունների արդյունքները՝ միշտ մեղադրելով ադմինիստրատիվ ռեսուրսների ներգրավվածությունը, ուժային կառույցների օգտագործումը, չարաշահումը: Մեղադրվել են քաղաքական վերնախավը՝ կեղծիքի, իսկ ընդդիմությունը և ժողովուրդը՝ ոչ հետևողական վերաբերմունքի մեջ:
Խորհրդային միության փլուզումից հետո մեր հանրապետությունում ընթացող ընտրական գործընթացները առանձնապես չէին կարող տարբերվել հետխորհրդային պետություններից որևէ մեկի տարածքում ընթացող ընտրություններից: Մենք բոլորս կրում ենք խորհրդային համակարգի փլուզումից հետո շղթայական փլուզումների հետևանքները, հասարակական-քաղաքական ինստիտուտների բարոյազրկումը, զուգահեռ նաև աղքատ հասարակության դուրսմղումը քաղաքական գործընթացներից:
Մեր երկրում քաղաքական բոլոր շրջանակները՝ իշխող թե ընդդիմադիր, մտահոգություն ունեն (կարծում եմ՝ տեղին)՝ իշխանությունն իր լեգիտիմությունն ապացուցելու, իսկ ժողովուրդը իր ուզած իշխանությունը տեսնելու հարցում:
Ընտրության արդյունքներին կարելի է չկասկածել մի պարագայում, երբ հավաստի կլինեն ընտրություններից առաջ ներկայացվող ժողովրդագրական տվյալները, ընտրողների թիվը և ընտրություններին նրանց մասնակցությունը, երբ յուրաքանչյուր քաղաքացի անաչառ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենա, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կվարի բաց, հրապարակային քաղաքականություն, երբ սոցիալական ծանր բեռի տակ կքած քաղաքացին իր ձայնը չի վաճառի։ Միայն այսպիսով մենք ուժ կգտնենք մեր երկիրը զարգացնելու, այնժամ կխոսենք՝ ովքեր են հաղթողները: Իսկ քանի դեռ ընտրության լեգիտիմությունն ապահովող գործոնները լիարժեք և բավարար չեն, մենք բոլորս պարտվել ենք… և անփառունակ:
Այսպիսով, ըստ իս, ՉԿԱՆ հաղթողներ, բայց հավատացած եմ, որ կան այսօր հրաշալի պատրաստված, հայրենասեր գործիչներ քաղաքական տարբեր կուսակցություններում. նրանց հետ անձամբ շփվում ենք, հարգում և սիրում բոլորին: Եվ հավատում ենք, որ դեպքերն ու իրադարձությունները կստիպեն բոլորիս ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ և պետական-քաղաքական գործառույթները շոուի մակարդակից տեղափոխել այլ հարթություն, որտեղ ծնվում են բաց, անաչառ և ճշմարիտ քննարկումներ:
Իմ մոտեցումները ամենևին էլ իդեալիստական չեն. կա պատճառաբանված անհանգստություն բոլորի մոտ․ անհրաժեշտ է միայն քաղաքական կամք դրսևորել:
Սեյրան Օհանյանը, լինելով պատերազմող երկրի ռազմական գործիչ, չի կարող օբյեկտիվ գնահատական չտալ իրականությանը և չտեսնել երկրի պետականությանը սպառնացող վտանգները: Քաղաքական տարբեր շրջանակներում միշտ համարձակություն ունի բարձրաձայնելու իր մտածածը։
Սեյրան Օհանյանի՝ քաղաքականության մեջ լինելու կամ չլինելու, իր պայքարի հետագա ձևի մասին կբարձրաձայնի ինքն անձամբ:
Իսկ հեղափոխությունները կլինեն գարնանը թե աշնանը… և ընդհանրապես, կլինեն կամ չեն լինի, ես չեմ կարող կանխատեսել:
Ամենավերջում գուցե ամենակարևորի մասին. ի վերջո, ով է այն անձը, ում նկատի ունեմ ես… Նկարագրվող անձը, ըստ մեզ փոխանցված փաստական տվյալների (նաև ձայնագրությունների), ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև:
Հ․Գ․ Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին: Ենթադրում եմ, որ իմ գրառմանը անդրադարձած գերատեսչությունում շուտով կսկսեն անտրոպոմետրիկ չափումներ իրականացնել և լրագրողների հարցապնդումներին կպատասխանեն, որ նման արտաքինով մարդ իրենց մոտ չի աշխատում, կամ փորի մեծությունը համապատասխանում է ոչ թե 7-8, այլ 5-6 ամսական հղիության»:
Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանի վերջին գրառմանը պատասխանել էր նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր դրանում բերված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել: ՊՆ-ն Սեյրան Օհանյանի տիկնոջը հիշեցնել էր սուտ մատնության հոդվածի մասին: