- 31.10.2017
- Հայաստան
- arm
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է առաջ տանել Լոս Անջելեսի և Երևանի միջև ուղիղ չվերթ բացելու գաղափարը՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում կառավարական, բիզնես և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ: Այդ մասին հայտնում է հանձնախումբը:
Հանձնախմբի ջանքերը ղեկավարող Զանգու Արմենյանը և Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը վերջերս ժամանել են Երևան՝ պաշտոնյաների հետ քննարկելու համապատասխան չվերթի բացման գործնական քայլերը: Նույն ժամանակահատվածում պաշտոնական այցով Երևանում է գտնվել նաև Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքը: Թորնեքը և Սինանյանը համապատասխանաբար «Հոլիվուդ-Բըրբանք» օդանավակայանի հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահն են:
Այս տարի ավելի վաղ ANCA-ի անդամներն այդ հարցով քննարկումներ են ունեցել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինտի հետ:
«Մենք պաշտոնյաների կողմից հետաքրքրվածություն ենք տեսնում այս նախաձեռնությունն ուսումնասիրելու համար, որովհետև Միացյալ Նահանգներում ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի և՛ Լոս Անջելեսում, և՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարավորություններին»,- ասել է Զանգու Արմենյանը: tert.am