- 21.11.2017
- Հայաստան
- arm
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից եւ 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:
«Արեւելյան գործընկերությունը թեւակոխում է մի փուլ, որում մեր բոլոր գործընկերների հետ, առանց բացառության, մենք ունենք կոնկրետ օրակարգ, որը բաղկացած է կոնկրետ միջոցներից ու ծրագրերից, որոնք քաղաքացիների օգտին են: Ուստի մեր միջեւ գործընկերային հարաբերություններն այլեւս առանցքային գործոն չեն: Առաջին պլանում են այն կոնկրետ արդյունքները, որոնց մենք կարող ենք հասնել, լինի դա առեւտրի, շարժունակության կամ այլ ոլորտներում»,- վերջերս նշել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Եվրահանձնաժողովում որոշել են, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ է նպատակաուղղված մոտեցում, հիմնված այն պարտավորությունների վրա, որոնք ստանձնել են Եվրամիությունն ու Արեւելյան գործընկերությունը: Այս ամենում Հայաստանի համար կարեւորը երկու հանգամանք է` Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի ժամկետները դեռ անորոշ են, սակայն կողմերը չեն բացառում, որ համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, եւ «Արեւելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որոնց շուրջ «168 ժամի» թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երեւան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել»:
«168 ժամ» թերթը գրում է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի դեկտեմբերի 9-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակում է մեր երկրում հանրության կողմից կոռուպցիայի ընկալման մասին տվյալներ։ Այս տարի եւս նման զեկույց է նախապատրաստվում։ Դրանում կարտացոլվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցած մեկ տարում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը։ Այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում նշեց ԹՀԻԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հրաժարվելով որեւէ նախնական գնահատական հնչեցնել։ «Այդ ժամանակ հատուկ կպատրաստենք եւ կներկայացնենք»,- ասաց նա։ Վ.Հոկտանյանը նկատեց, որ նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել կոռումպացված ընկալվողները պետական պաշտոնյաներն են, մասնավորապես՝ նշանակովի պաշտոնյաները, ինչպես նաեւ պետության նախագահի աշխատակազմն ու նախագահը։ «Ամենակոռումպացվածների մեջ են մտնում նաեւ ոստիկաններն ու ընտրովի պաշտոնյաները»,- նշեց ԹՀԻԿ ղեկավարը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»: Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում: Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել: Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի։ «Հենց այնպես հանդիպում տեղի չէր ունենա, այն էլ` Առինջում, հենց միայն հանդիպման փաստն ու վայրը մեսիջ են` ուղղված ոմանց»,- ասաց ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրը»:
«Ժամանակ» թերթը գրում ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում եւ հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել: Աբրահամյանը անձամբ է խնդրել վարչապետ Կարեն Կարապետյանին նվազեցնել տուգանքի չափը, ինչի արդյունքում այն կտրուկ իջել է՝ դառնալով 3 մլն: Բայց նախկին եւ ներկա վարչապետների այս պայմանավորվածության մասին տեղեկությունը հասանելի է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին, ով կարգադրել է Աբրահամյանի գազալցակայաններում կրկնակի ստուգումներ իրականացնել, եւ այս անգամ տուգանքի չափը դարձել է 160 մլն: Հենց այդքան տուգանք պետք է վճարի Հովիկ Աբրահամյանը՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին: Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրապարակվում: ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն, որ դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ սահմանված չափից ավելի օգտագործված գումարները գանձվեն պատգամավորների աշխատավարձից, որպեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շարքային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում: Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին: Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թեւն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ): Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը եւ առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել: Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 4 ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ: Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Մաթեւոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ, ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով եւ իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով, յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140 լ դիզվառելիք եւ տեղափոխել Սեւան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան, սակայն գործը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից: Այս արարքի համար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի` պաշտոնեական կեղծիք, 34-179-րդ հոդվածի յուրացում եւ վատնում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի: Նրանք այլեւս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը: Հիմա Վանաձորի ավագանու նիստերին քվորում կապահովվի: Բայց որքան էլ անվանափոխված ՕԵԿ-ի՝ Վանաձորի ավագանու անդամների նիստերին մասնակցելն օրինական դարձնի այդ մարմնի ներկա գործունեությունը, միեւնույն է՝ դրանից խնդրի էությունը չի փոխվի, եւ նախորդ՝ ավելի քան մեկ տարվա անգործությունը եւ հակասահմանադրականությունը չի վերանա:
Իսկ երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջությամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում, կստացվի, որ Վանաձորի ավագանին ձեւավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել, քանի որ ավագանու գործունեությունն արտահայտվում է որոշումներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, իհարկե, եթե մինչ այդ արդեն ընտրություններ նշանակված եւ անցկացված չլինեն: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլին, Արթուր Բաղդասարյանին նշանակել ՍԴ նախագահ: Կկատարի՞ իր խոստումը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»: