Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

  • 15.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

1
 489

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։


ՍԾՏՀԿ նախարարական կիևյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը:


Ելույթ ունենալով նախարարական խորհրդի նիստին Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՍԾՏՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցությանը և դրա հեռանկարներին, ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության ամրապնդման նպատակով անհրաժեշտ քայլերին։


Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հանձնառու լինելով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին՝ վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից:


Անդրադառնալով կառույցում Հայաստանի նախագահությանը արտգործնախարար Նալբանդյանը նշեց, Հայաստանը որպես նախագահող երկիր առաջիկա վեց ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ՍԾՏՀԿ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնումը և առկա մեխանիզմների միջոցով առաջ կմղի նախագծված օրակարգը:


Անդրադառնալով ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ-ին անհրաժեշտ են գործնական և իրատեսական քայլեր՝ նշելով, որ Կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը Նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների և բանաձևերի իրականացման միջոցով:


ԱԳ նախարարն ընդգծեց նաև, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների համառ փորձերն ազդում են ոչ միայն տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության բուն հիմքերի, դրա հիմնական նպատակների վրա և հարցականի տակ դնում ՍԾՏՀԿ հեղինակությանը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կազմակերպություն:


Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա:


Արձագանքելով Ադրբեջանի պավիրակության ղեկավարի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ՍԾՏՀԿ հարթակն իր նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու Ադրբեջանի փորձերը խոչընդոտում են ՍԾՏՀԿ տնտեսական համագործակցությանը և դժվար թե Կազմակերպության շրջանակներում հնարավոր լինի ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով:


Ամփոփելով իր խոսքը՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտեց. « Հայաստանն իր նախագահության ընթացքում կապավինի այն համատեղ ջանքերին, որոնք միտված են համակողմանի տարածաշրջանային համագործակցության ու տնտեսական փոխկապվածութան առաջմղմանը»: