- 15.12.2017
- Հայաստան
- arm
Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաև Լատվիան: Այս մասին Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Մասնավորապես, խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը և կողծ քարոզչությանը.
«Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաև Լատվիան: Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում խնդրի խաղաղ կարգավորումից: Կոչ եմ անում չտրվել ադրբեջանական կեղծ հակաքարոզչությանը և չընկնել նրանց ծուղակն ու արցախյան հիմնահարցում չանել հայտարարություններ, որոնք հակասում են Մինսկի խմբի և ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշումներին»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեն նշել է, որ Արցախի հարցում սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու սկզբունքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ 100 տարի անց ևս Թուրքիայի իշխանությունը շարունակում է վարել ապակառուցողական ու ժխտողական քաղաքականություն, շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ ժողովրդավարական արժեքներ կրող և ԵՄ անդամ Լատվիան առաջիկայում կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ պարոն Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև: Նա հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի փաստաթուղթը: