Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում. ԱԳՆ

  • 19.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

2
 208

ԵՄ–ի հետ նոր համաձայնագիրը մՀայաստանի անկյունաքարային փաստաթղթերից է, որը պետք է կյանքի կոչել: Այս մասին ԱԺ-ում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։


Վերջինս նշել է,  ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը լրացուցիչ կայունության և խաղաղության գործոն կարող է լինել տարածաշրջանում: Նա արձանագրել է, որ Եվրամիությունը ՀՀայաստանի բոլոր ոլորտներում ունի կարևոր դերակատարություն, սակայն քաղաքական համագործակցության կիզակետում է մեզ համար երկարատև և կայուն խաղաղության միջավայրի ստեղծումը։


ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր մշտապես ասել է, որ Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունը երկրի առաջնային ուղղություններից մեկն է: Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների հանրություն է, որը Հայաստանը պաշտպանում ու կիսում է.


«Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է, եւ այդ գործընթացն անշրջելի է: Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր պետության եւ հասարակության արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերին: Այն կընդլայնի լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Հավատացած եմ, որ այս ուղղությամբ տարվող Հայաստանի եւ Եվրոպական միության մեր գործընկերների հաստատակամ քայլերը կհանգեցնեն մեր հասարակությունների առավել մերձեցմանը: Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը ԵՄ-Հայաստան համագործակցության այս նոր փուլում արդյունավետ աշխատելու համար»,- ասել է նա:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, Արա Բաբլոյանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայուն զարգացման հասնելու հայկական կողմի ձգտումը եվրոպական գործընկերների հետ միասնական է: Եվ այս իմաստով կարեւոր է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունն աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին:


«Չնայած, որ Ադրբեջանը մշտապես փորձում է խեղաթյուրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ կարգավորման էությունը, միեւնույն է, դրա կարգավորումը հիմնված է միջազգային երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի հայտարարությունների հիմքում: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս առումով, հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման անհնար է: Հայաստանը միշտ եղել եւ մնում է հավատարիմ խաղաղության ամրապնդման եւ կայուն զարգացման իր տեսլականին»,- հավելել է նա:


Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ իր խոսքում նշել է, որ Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում: