- 19.12.2017
- Հայաստան
- arm
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավանաբար, կպահպանի իշխանությունը և կդառնա վարչապետ երկրի խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո: Այս մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Գործադիր իշխանությունը, որն այսօր Հայաստանում կիսում են նախագահն ու վարչապետը, ամբողջությամբ կանցնի վարչապետին, բայց միևնույն ժամանակ իշխանության մեջ զգալի փոփոխություններ չեն լինի»,- ասել է նա:
Զատուլինը հայտարարել է, որ տեսնում է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում.
«Ես չեմ կարող ավելի լավ իմանալ նրա հնարավոր հետնորդներին, քան Հայաստանում կիմանան, բայց նախապատմությունը ապացուցել է, որ Հայաստանն ընդունակ է կայացնել այնպիսի որոշումներ, որոնք թույլ են տալիս շարունակել ճանապարհը առանց լուրջ ներքին ցնցումների»,- շեշտել է ռուս պատգամավորը:
Նշենք, մինչ ՀՀԿ-ականները իրար հերթ չտալով հայտարարում են այն մասին, որ վարչապետի պաշտոնում տեսնում են միայն Սերժ Սարգսյանին, վերջինս օրերս հայտարարեց, որ դեռ որոշում չի կայացրել.
«Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա` կհայտարարեմ։ Տարբեր գործոններ կան՝ անձնականից մինչև այլ գործոններ։ Կարծում եմ` մենք վերջիվերջո իրավունք ունենք որոշելու՝ նկատի ունեմ ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով, որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախագահը: