X
    Categories: 2017

Հայաստանը կարևորում է ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը. վարչապետ

  • 21.12.2017
  •  

  • Հայաստան
  •  

2
 288

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը Երևանում և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում», -ասել է Կարեն Կարապետյանը։ 

Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելը:

Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ: 

Վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների մի շարք հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացմանը, տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին, տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին և այլ խնդիրների:

Garnik Zakarian:
Related Post