Սերժ Սարգսյանը իրեն կպահի Անվտանգության խորհուրդը

  • 19.01.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

10
 283

Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքում: 

Հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաև հանրապետության նախագահի ինստիտուտը:

Համաձայն նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:

Եթե նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից, իսկ հենց այդպես էլ կլինի, ապա նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները և կստանձնի վարչապետի պաշտոնը: Իսկ դրանում ևս որևէ կասկած չկա: Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի առանցքային ոլորտները: Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վարչապետի իրենց թեկնածուն է, բայց ոչ պաշտոնապես՝ այդ մասին խոսում են բոլոր կուսակցականները և ամենուր: Ոմանք անգամ հայտարարում, որ իրենց համար անփոխարինելի մարդիկ կան և հայացքը ուղղում դեպի Բաղրամյան 26…

Վարչապետի թեկնածուի անվան հրապարակմանը շատ ժամանակ չի մնացել. այսօր Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր հետնորդի հարցում ընտրությունը կանգնել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի վրա ու թեև վերջինս ժամանակ է վերցրել մտածելու, ակնհայտ է, որ ինտրիգը այսքանով ավարտվեց և առաջիկա տարիներին Հայաստանի կառավարումը կլինի երկու Սարգսյանների ձեռքում:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS