ACNIS reView #2, 2018: Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Հունվարի 13-20

 



Անցած
շաբաթավերջին

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր
հրամանատար Սերժ Սարգսյանի
գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում կայացել է Զինված
ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։ Ընդգծվել է, որ, հաշվի
առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են
իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել դրանց հակազդման ուղիները,
ստեղծվել անհրաժեշտ պայմաններ՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս
արդյունավետ իրականացնելու համար:
Կարեւորվել է ներկայացված նախագծի առարկայական քննարկումը,
որ
ը, ըստ Սերժ Սարգսյանի, հնարավորություն կտա,
ունենալով ժամանակակից Զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

 

… Առաջին
հարցը, որ ծագում է սույն տեղեկատվությունն ընթերցելիս, հետեւյալն է. ինչո՞վ է ընդհանրապես
թելադրված Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի անհրաժեշտությունը:
Հարցադրումը թող տարօրինակ չհնչի՝ այնպես չէ, որ մենք դեմ ենք այս կամ այն
համակարգի արդիականացմանը: Ճիշտ հակառակն՝ այդ առումով ողջունելի ենք համարում
իշխանությունների անկեղծ մտահոգությունն ու ջանքերը, եթե դրանք ուղղված են
տեսանելի բարեփոխումների իրականացմանը, այլ ոչ թե պարզ աչքակապություն կամ
էժանագին շոուների ցուցադրություն են: Եթե չենք սխալվում, մենք ունենք ազգային
անվտանգության հայեցակարգ, ունենք նաեւ պաշտպանության ռազմավարություն եւ
համակարգի բարեփոխումներին առնչվող այլ ծրագրահենքեր: Բայց օգուտը ո՞րն է: Այդ
հայեցակարգերը, ինչպես հարկն է, չեն կիրառվում կյանքում, նույնիսկ դրանց հանրային
քննարկումներն են աչքաթող արվել: Տարիներ շարունակ բանակում չեն լուծվում հանրությանը
հուզող բազում խնդիրներ՝ կապված, օրինակ, զինծառայողների մահվան հանգամանքների,
սպանությունների ու ինքնասպանությունների, կոռուպցիոն երեւույթների
բացահայտումների հետ: Հիմա մի քանի ամսից նախագահի լիազորությունները վայր դնող
Սերժ Սարգսյանը, փոխանակ խստագույնս պահանջելու կուտակված հիմնահարցերի լուծումը,
նոր ծրագիր է առաջ քաշում: Եվ այն էլ՝ «թռիչքաձեւ զարգացման» եւ, ամենակարեւորը, յոթնամյա
հեռահար փաստաթղթի տեսքով: Այդ մասին նախագահը հայտարարել էր դեռեւս անցյալ տարվա
հոկտեմբերի 24-ին՝ համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես,
ասել է. «Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը:
Այսինքն` պետք է ունենանք շարունակ կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաեւ
արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, եւ մենք
ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ
նպատակը»
,- ասել է նա: Ահա եւ հասանք «նպատակին»՝ գործող նախագահը, պարզվում
է, մտադրություն ունի եւս 7 տարի «հասարակության հետ միասին» իրականություն
դարձնել… դե, մնացածն արդեն էական չէ: Պատահական չեն տիրապետող կարծիքներն առ
այն, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը անդուլ կերպով լծվել են Սերժ Սարգսյանի՝ ապրիլին նախատեսվող
պաշտոնավարման ավարտի կապակցությամբ, իշխանության մեջ նրան նոր դիրքում ամրապնդելու
հրամայականին:

 

Հունվարի
15-ին Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի
առաջին քառօրյա նիստը: Օրակարգում ընդգրկված էր 26 հարց, այդ թվում` ՀՀ քրեական
օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Սահմանադրական դատարանի
մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ
փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ Նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ
Արա Բաբլոյանը հայտարարել է, որ հունվարի 23-ին խորհրդարանական լսումներ
կանցկացնեն թանկացումները եւ դրանց հետեւանքները մեղմելու օրակարգով։

 

… Փաստորեն թանկացումների խնդիրը մնում է
անցող շաբաթվա առանցքային թեմաներից մեկը: Ինչպես արդեն հայտնի է, Հարկային
օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել են
բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն
կիրառվող դիզելային վառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի դրանից, 150
հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից մոտ 2 տոկոսով քիչ
կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով: Գնաճի թեմայով
հունվարի 10-ի խորհրդակցությունում, որին հրավիրված էին Կառավարության տնտեսական
բլոկի ներկայացուցիչները, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եթե իրոք որոշ
ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե
ինչպես մեղմենք այդ հետեւանքները»։ Նախագահը Կառավարությանը հանձնարարել էր առաջարկել
գնաճի հետեւանքների մեղմման տարբերակներ այն սոցիալապես կարեւոր ապրանքների համար,
որոնք թանկացել են հարկային կամ այլ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով:
Թանկացումների դեմ բողոքի առաջին ակցիան հունվարի 15-ին ձեռնարկել էին Երեւանի
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի երթուղային գծերի վարորդներ՝ հայտարարելով,
որ գործադուլը չեն դադարեցնի, մինչեւ մեքենաների լիցքավորման գազի խնդրին լուծում
չտրվի: Վարորդների կարծիքով՝ թանկացումներն անօրինական են՝ պայմանավորված մենաշնորհային
տնտեսության առկայության հանգամանքով: Գնաճի հետեւանքները մեղմելու նպատակ ուներ
եկամտահարկի դրույքաչափերի փոփոխման մասին «Ծառուկյան» դաշինքի՝ խորհրդարան
ներկայացրած նախագիծը, որը, սակայն, Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստի
օրակարգում ընդգրկելու առաջարկը ՀՀԿ խմբակցության քվեարկությամբ մերժվեց: Իսկ
«Ելքը»՝ խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը, հունվարի 20-ին հրավիրել էր բողոքի
երթ՝ ընդդեմ թանկացումների: «Եթե ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեր պահանջը
պաշտպանեն, ես կարող եմ երաշխավորել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ
տեղի կունենան»,- երթի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Սոցցանցերում թերահավատորեն են
գնահատում «Ելքի» ակցիան՝ հիշեցնելով, որ ժամանակին Փաշինյանը երթերն անվանում էր անիմաստ
զբոսանք Երեւանում: Վերջինիս հավաստմամբ՝ ինքը մարդկանց երբեք «պարտության չի
տանի»։ Ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչոց է: Ամեն դեպքում ակներեւ է, որ
թանկացումների «խմորը» դեռ շատ ջուր է քաշելու:

 

Հայաստանի
ազգային հերոսի բարձր կոչման արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի
հանձնման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին Նախագահի
նստավայրում թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի
խումբ մտավորականների հետ: Զրույցի ժամանակ, որն առնչվում էր Հայաստանի
անվտանգությանն ու ապագային, երկրի կյանքում մտավորականների դերին ու
առաքելությանը, ինչպես նաեւ կրթության ու մշակույթի խնդիրներին, ՀՀ նախագահը
հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է 4-րդ նախագահի մասին իր
պատկերացումները: Ի դեմս հաջորդ նախագահի` Սերժ Սարգսյանը տեսնում է «մի անհատի,
ով ունի անցած ճանապարհ ու մեծ ճանաչում ե´ւ երկրի ներսում, ե´ւ դրսում, կարող է պատշաճ
կերպով ներկայացնել Հայաստանը արտերկրում»: Ապագա նախագահը, նրա խոսքով, «պետք է
տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր Սփյուռքում ու Հայաստանում, վայելի
հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է` լինի անկողմնակալ մարդ, ով երբեք
քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի եղել կուսակցության անդամ»:

 

… Թե ում նկատի ուներ գործող նախագահը ապագա
նախագահի պաշտոնում, հայտնի դարձավ երկու օր անց: Մտավորականների հանդիպման
ընթացքում նախագահի երկար-բարակ նկարագրության, թվարկած չափանիշների ետեւից,
կարծես թե, երեւում էին Էդուարդ Նալբանդյանի «ականջները»: Իհարկե, ապագա նախագահի
թեկնածուների ցանկում զուգահեռաբար շրջանառվում էր եւս մեկ անուն՝ Մեծ
Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն
Սարգսյանը: Չէր բացառվում, որ գործող նախագահը հենց նրան նկատի ուներ: Եվ հենց նա էլ
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)
գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում առաջադրվեց այդ կուսակցության կողմից:

Հասկանալի է, որ երկու դիվանագետներից որին էլ նախապատվությունը տար Սերժ
Սարգսյանը, դրանից հազիվ թե լավանար Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու
կյանքը: Քանի որ նրանցից առաջինը համարվում է «Ռուսաստանի մարդը» եւ,
համապատասխանաբար, սպասարկելու էր նրա շահերը, իսկ Արմեն Սարգսյանը՝ արեւմուտքինը,
հետեւապես մեզ՝ շարքային հայաստանցիներիս, ամեն դեպքում մնում էր ապավինել միայն
Աստծո ողորմածությանը: Մյուս կողմից՝ տրամաբանական էր, որ Արցախի չլուծված խնդիր
ունեցող պետության թիվ մեկ խորհրդանիշը, որպիսին մոտալուտ ապրիլից հետո
հանդիսանալու է ՀՀ նախագահը, լինի դիվանագիտության մեջ թրծված, փորձառու մեկը: Այդ
տեսակետից Արմեն Սարգսյանը, ով այդպիսի փորձի պակաս չունի, թվում է, հարմար
թեկնածու է նախագահական գահի համար: Բայց մտահոգիչն այստեղ այլ խնդիր է.
Սահմանադրություն փոխած եւ կառավարման համակարգը, ըստ էության, ավելի ժողովրդավար
դարձրած Սերժ Սարգսյանը՝ «անատամ» մտավորականների ծխածածկույթի ետեւում, փաստորեն
միանձնյա «նշանակեց» ապագա նախագահին: Որքան էլ փորձեն հակառակն ապացուցել
հանրապետական ճամբարում, միեւնույն է, ժողովուրդը մնաց «խաղից դուրս» վիճակում:
Վարչապետական իր հավակնություններն արդեն չթաքցնող Սերժ Սարգսյանն էր անձամբ
նշանակողը, եւ այժմ նա կարող է հագիստ իրեն տեսնել թե՛ վարչապետի պաշտոնում, թե՛
նախագահի դերում: Ինչպես ասում են՝ երկուսը՝ մեկում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը