X
    Categories: 2018

Կառավարությունում ստեղծվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը. ո՞վ է այն ստանձնելու

  • 25.01.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 118

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն գործադրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:


Էական տարբերություն կա Ազգային անվտանգության խորհրդի եւ Անվտանգության խորհրդի կազմերում: Մասնավորապես՝ նախագահը, Ազգային Ժողովի նախագահը եւ գլխավոր դատախազը Անվտանգության խորհրդի կազմում չեն ներառվելու:


Դավիթ Հարությունյանը, խոսելով Անվտանգության խորհրդի կազմի մասին, ասաց, որ այն ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում լինելու է առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները եւ այլն: Մինչդեռ օրենքի նախագծում փոխվարչապետների մասին որեւէ նշում չկա, միան ամրագրված է առաջին փոխվարչապետի պաշտոնը:


Նշենք, որ սա առաջին օրենքն է, որտեղ ամրագրված է «առաջին փոխվարչապետ» պաշտոնը: Ամիսներ առաջ մամուլում գրվել է, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտ պետք է ստեղծվի, որպեսզի Կարեն Կարապետյանը զբաղեցնի այդ պաշտոնը, իսկ վարչապետն ապրիլի 9-ից հետո դառնա Սերժ Սարգսյանը, հիշեցնում է armtimes.com-ը:


ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել 3-ը, իսկ նախարարներինը՝ 18-ը: Իհարկե, Անվտանգության խորհրդի մասին օրենքով չի սահմանվում կառավարության կազմը, սակայն ենթադրվում է, որ առաջիկայում նոր կառավարության կազմը հաստատելուց պետք է ստեղծվի «առաջին փոխվարչապետի» պաշտոնը:

Christine Harutyunian: