- 03.02.2018
- Հայաստան
- arm
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից: Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ նախորդ տարի հունվարին թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց. եւ մոտ են իրականացման համաձայնության հասնելուն: Մեկ տարի անց պատկերը կարծես թե լիովին փոխվել է:
Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի եւ Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարը ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել:
Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը: Բայց չէ՞ որ Վրաստանի եվրատլանտյան կուրսը նորություն չէր նաեւ մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր եւ առավել լուրջ զարգացումներ:
Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը եւ ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա: Հազիվ թե:
Բայց, մյուս կողմից, իսկ պե՞տք է դա ի վերջո Հայաստանին, թե՞ վերջապես պետք է հրաժարվել այդ պատրանքներից եւ զբաղվել իրական ու առավել խորքային այլընտրանքների որոնումով, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհների փոխարեն, այլընտրանքային շուկաների: Ո՞րն է ավելի հասանելի եւ իրատեսական, ու որն է ավելի ռազմավարական»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որեւէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ եւ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան եւս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից ետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներին:
Նա նշել է, որ չնայած Հայաստանը հրաժարվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նոր համաձայնագիր ստորագրվի: «Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար»,- ասել է պատգամավորը: Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտնասել է, որ նման համաձայնագրի վավերացման գործընթացները թե՛ ԵՄ-ում, թե՛ մյուս կողմում սովորաբար այնքան են երկարաձգվում, որ դժվար է ասել, թե ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետն ո՞ւշ է, թե՞ ոչ: Ըստ նրա, բնականաբար, ցանկության եւ քաղաքական նպատակահարմարության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել վավերացման գործընթացը:
«Սակայն հայկական կողմը, ինչպես երեւում է, հաշվի է առնում, որ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը կարող է ձգձգվել, ուստի առանց շտապողականության կենտրոնանում է ներքաղաքական փոփոխությունների վրա, որին ԵՄ-ն դեմ չէ, կարծես այս հարցի վերաբերյալ կողմերը կոնսենսուս ունեն: ԵՄ-ն հասկանում է, որ միայն փոփոխություններից հետո Հայաստանը կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները, հավելյալ ճնշումներ ԵՄ-ն կիրառել չի ցանկանում, գլխավոր որոշումները թողել է Հայաստանի հայեցողությանը»,- ասել է նա: Զաշտովտի կարծիքով՝ իրերի նման դրությունը ձեռնտու է նաեւ ԵՄ-ին, որը ժամանակ է շահում, որպեսզի ԵՄ մյուս երկրները եւս հասցնեն վավերացնել համաձայնագիրը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016–ի 7 մլն–ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%–ով: Վիճակագրական տվյալներն են փաստում: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը«Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն դեր ունի:
«Գինու շուկա մտան անծանոթ, բայց հարուստ խաղացողներ՝ ստեղծելով նոր, բարձր որակի գինիներ: Դրանք են՝ «Կարաս», «Կուր», «Ձորափ», «Արմենիա» եւ այլն: Սա ստիպեց, որ կոնյակ եւ ավանդական գինի արտադրողները ներդրումներ անեն: 6–7 ընկերություններ վերազինվեցին: Ավանդական, էժան գինի արտադրողները թեքվեցին դեպի ավելի լուրջ արտադրանքների»,– ներկայացրեց միության նախագահը: Փոքր արտադրողները, տեսնելով, որ շուկայում լուրջ մրցակցություն է, իրենք եւս սկսեցին ապրանքի որակին ուշադրություն դարձնել: «Արտադրանքի քանակը չէին կարող փոխել, աշխատեցին որակի վրա: 15–16 ընկերություններ լուրջ քայլերով առաջ են գնում»,– մատնանշեց Ավագ Հարությունյանը: Ձեռքբերումների կողքին գինեգործը շտապում է նաեւ անհանգստությունը հայտնել՝ հանրապետությունում խաղողի արտադրության ծավալներն են քիչ: Այս տարի խաղողը քիչ կլինի: Հարությունյանը նկատեց, որ խաղողի ծավալներից ելնելով՝ հավելագրումներ այլեւս չեն լինի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է: Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում: Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանըժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում»: