Վարչապետի պաշտոնը Կարապետյանից խլում են, բայց խրախուսական մրցանակ սահմանված է. Փաշինյան

  • 08.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

5
 255

Այժմ, երբ ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը, պարզ է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կտան Կարեն Կարապետյանին։ Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ըստ այդմ, վարչապետի պաշտոնը Կարապետյանից խլելով նրան դրա դիմաց խրախուսական մրցանակ են տալիս:


«Նրան ավելի վաղ առաջարկել էին վարչապետի աթոռը, իսկ այժմ խլում են։ Որպեսզի դա անքաղաքավարի չերևա, ուզում եմ մի փոքր մեղմել: Իսկ որպեսզի այդ ամենը ժողովուրդը չնկատի, նախագահական աթոռն ուզում են տալ Արմեն Սարգսյանին, որը բոլորին և ամենուրեք գեղեցիկ ժպտում է: Նրան դուրս կբերեն նախագահական նստավայրից և Պրոսպեկտի վրա եվրավերանորոգված բնակարան կտան։ Իբր նստիր այնտեղ ու ժպտա», հայտարարեց Փաշինյանը։


Ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանը ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը  հորդորեց դավադրության տարր չփնտրել, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված է փոխվարչապետների մի քանի պաշտոն և չի արգելվում նշանակել առաջին փոխվարչապետի, որի առաջնայնությունը զուտ անվանական է լինելու.


«Նա փոխարինելու է վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ»,- շեշտեց Թովմասյանը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անվտանգության նոր խորհրդում, որի կազմում չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը, լինելու է նաև առաջին փոխվարչապետը:


Ըստ շրջանառվող լուրերի, այդ պաշտոնը կզաղեցնի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը: Փոխվարչապետի ամենահավանական թեկնածու է համարվում Վաչե Գաբրիելյանը: