- 22.02.2018
- Հայաստան
- arm
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունն այս ընտրությանը ոչ այլ ինչ է քան հայ համայնքի իրավունքների ոտնահարում:
«Պետությունն արդյո՞ք ինչ հիմնավորմամբ է մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը: Ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ Մութաֆյանը, իր այս հիվանդությամբ, բժշկության օգնությամբ կարող է երկար տարիներ ողջ մնալ: Այդ դեպքում, երբ հայտարարում եք, որ մինչեւ պատրիարքը չմահանա ընտրություն չի լինի, նկատի ունեք, որ պատրիարքարանը երկար տարիներ կառավարվելու է ձեր նշանակած կառավարչի կողմի՞ց:
Բացի այդ, ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեից հետո նախագահ Էրդողանը պահանջեց, որ սեղմ ժամկետներում պատրիարքի ընտրության հարցը կազմակերպվի: Դրանից հետո արդյո՞ք ինչ փոխվեց եւ ի՞նչու նա փորձեց խոչընդոտել ընտրական գործընթացին:
Նախագահ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ քննադատեց, որ Արեւմտյան Թրակիայում մուֆթիի ընտրությունները չեն անցկացվում: Այդ դեպքում ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում երկար տարիներ հայ պատրիարքի ընտրության խոչընդոտումը, եկեղեցական ավանդույթները արհամարհելով, պետության կողմից մեկին որպես կառավարիչ նշանակելը եւ այդ որոշումները հայ համայնքին պարտադրելը»,- ասվում է հայ պատգամավորի հարցադրման մեջ:
Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը եւ այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին եւ Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում: