Այցս միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները. Միշել Աուն

  • 22.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 115

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով:


«Մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում:ցԵս մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռևս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում: Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում: Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը: Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարևոր ներդրում է»,- ասել է ՀՀ նախագահը:


Նախագահ Միշել Աունը նշել է, որ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իր պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաև Դաշնակցություն կուսակցության ղեկավարը: Նա նշել է, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում:


«Մենք ինքներս շատ ենք հենվում նրանց վրա բոլոր բնագավառներում: Մենք լայն հասարակություն ենք, և հայ համայնքը կարողացել է իր մշակույթն ու ինքնությունը պահպանել Լիբանանում: Իհարկե, շատ կարևորում ենք և հպարտ ենք այդ բազմակարծությամբ ու մշակութային բազմազանությամբ, որովհետև մենք կարողանում ենք դրանցից բավական օգտվել և զարգացնել Լիբանանը»,- ասել է նա:


Լիբանանի նախագահը նշել է, իր այցը միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները:


«Հույս ունենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն և կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, և դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- հավելել է Միշել Աունը: