Անվտանգության խորհուրդը մնաց առանց ՀՀ ու ԱԺ նախագահների, բայց ոչ առանց Սերժ Սարգսյանի

  • 07.03.2018
  •  

  • Հայաստան
  •  

 182

Ազգային ժողովը քիչ առաջ 86 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը, որը լուրջ քննադատության էր արժանացել:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, նախագծի հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005 թվականի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն: Իսկ ահա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեցին Կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: ԱԺ կողմից նախագծի ընդունումը նշանակում է, որ նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները և կստանձնի վարչապետի պաշտոնը: Իսկ դրանում որևէ կասկած չկա:


Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի առանցքային ոլորտները: Այսուհետ Անվտանգության խորհրդում չի լինի նաև ՀՀ ԱԺ նախագահը:


Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վարչապետի իրենց թեկնածուն է, բայց ոչ պաշտոնապես՝ այդ մասին խոսում են բոլոր կուսակցականները և ամենուր: Ոմանք անգամ հայտարարում, որ իրենց համար անփոխարինելի մարդիկ կան և հայացքը ուղղում դեպի Բաղրամյան 26…