- 07.03.2018
- Հայաստան
- arm
Հայ վերնախավը չի շտապում մեկնաբանել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ մենաշնորհներն ու, ըստ էության, կոռուպցիան է հետ պահում ամերիկացի ներդրողներին գալ Հայաստան:
«Ժամանակ» թերթի հետ զրույցում Ռիչարդ Միլսը, խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, մասնավորապես ասել է. «Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ»:
Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունում հակված չեն դա «սուր քննադատություն»դիտարկել: Ազգային Ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն են ընկալում, այլ որպես սրտացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության կենտրոնում են հատկապես հակակոռուպցիոն միջոցառումները և երկրի հետևողական ժողովրդավարացումը.
«ՀՀ-ում հակակոռուպցիոն միջոցառումներ եղել են և շարունակում են լինել, ավելին՝ հիշեցրեց, որ վերջին տարվա ընթացքում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություն է առաջարկվել: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է հաշվի առնել եվրոպացի ու ամերիկացի գործընկերների փորձը: Երբեք որևէ մեկը չի ասում, որ Հայաստանում չկան վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիոն ու մենաշնորհներն են: Մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե ոչ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե այսօր»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Շարմազանովը:
Նա նաև հակադարձել է, որ նման խնդիրներ գոյություն ունեն նույն ԱՄՆ-ում, Ռուսաստանում և մնացած բոլոր պետություններում: Բայց ակնհայտ է, որ «որևէ մեկն ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան ՀՀ գործող իշխանությունները» և, ըստ Շարմազանովի, իշխանություններն ունեն և՛ քաղաքական կամք, և՛ արտասահմանցի գործընկերների կառուցողական առաջարկներն ուշադիր լսելու ցանկություն: Եվ եթե հարկ լինի , ապա նաև պատրաստակամություն նոր թափով սկսել բարեփոխումները:
Իսկ ահա ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ընդհանրապես զերծ է մնում պատասխանել որևէ դեսպանի հայտարարություններին, քանի որ «դեսպաններն իրենց երկրի մակարդակով են չափում»:
Կոնկրետ կոռուպցիայի մասով էլ արձագանքել է. «Եթե նման խնդիրներ կա, բնականաբար, այդտեղ մեղավորությունն իշխանությանն է: Եթե այդ կոռուպցիան կա, եթե Ամերիկայի դեսպանը գիտի կոռուպցիայի տեղը՝ թող ասի: Ես այդ տեղը չգիտեմ»:
Գալուստ Սահակյանը ինչպես միշտմօրգինալ պատասխան է տվել նաև այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ ամերիկացի ներդրողները Հայաստան չեն գալիս. «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաև այլ պետությունների մարդիկ, որովհետև Հայաստանն անընդհատ կռվող պետություն է»: