X
    Categories: 2018

Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում. ԱԺ նախագահ

  • 20.03.2018
  •  

  • Հայաստան
  •  

1
 72

Մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը: 1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իր կամքը: Այս մասին Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


«Արցախի Հանրապետությունն այսօր դե ֆակտո կայացած պետություն է` ձեւավորված պետական կայուն ժողովրդավարական համակարգով ու ենթակառուցվածքներով, զարգացող տնտեսությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ այն կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, մարդու հիմնարար իրավունքների, ինչպես նաեւ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում, որտեղ հայատյացությունը դարձել է պետական քաղաքականություն»,- շեշտել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:


Ըստ Բաբլոյանի, Արցախի Հանրապետության` դեռեւս ճանաչված չլինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների իրացման համար: Մարդու իրավունքների եւ դրանց առնչվող արժեքների ամրապնդումը Ֆրանկոֆոնիայի գերակայություններից է: Հավատարիմ մնալով այդ եւ Ֆրանկոֆոնիայի մյուս արժեքներին, այդ թվում` խաղաղությանը, ժողովրդավարությանը՝ Արցախի Հանրապետությունը շարունակաբար քայլեր է ձեռնարկում զարգացնելու Ֆրանկոֆոնիան Արցախի տարածքում: Դրան նպաստում են նաեւ տարբեր երկրներ ներկայացնող ֆրանսախոս խորհրդարանականների այցերն Արցախ:


«ՀՀ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիայի աջակցությամբ եւ Արցախի խորհրդարանի ղեկավարության ակտիվ մասնակցությամբ աշխատանքներ են ընթանում Արցախում Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի կազմավորման ուղղությամբ, ինչը նույնպես կնպաստի ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության տարածմանը»,- հավելել է նա:

Emma Jilavian: