- 20.03.2018
- Հայաստան
- arm
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը տիկին Բոսութրոն ներկայացրել է ՀԲ-ի և Հայաստանի միջև 2018-2022 թվականների գործընկերության շրջանակներն ու առաջարկվող բարեփոխումների օրակարգը՝ հիմնված կառավարության 5-ամյա ծրագրի վրա: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի, ենթակառուցվածքների բարելավում, արտահանման խթանում, մարդկային կապիտալի զարգացում, կայուն միջավայր և բնական ռեսուրսների կառավարում: ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանում իրականացվող փոփությունների ընթացքը և շնորհավորել կառավարության ղեկավարին արձանագրված աճի բարձր ցուցանիշների կապակցությամբ:
Սիլվի Բոսութրոն մասնավորապես առանձնացրել է Սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքը և խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի ավարտը, ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, երկրում արձանագրվող տնտեսական աճի բարձր տեմպերն ու Հայաստանի տարբեր ոլորտներում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման միտումները՝ նշելով, որ ՀԲ գնահատմամբ, դրանք ևս դրական ազդեցություն կունենան երկրում բարեփոխումների իրականացման գործընթացի վրա:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումն ու ընդլայնումը, ողջունել ներկայացված ծրագրի նախագիծն ու դրանում ներառված բարեփոխումների առաջարկությունները: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ծրագրի նախագծի շուրջ շարունակել քննարկումները կառավարության տարբեր մարմինների հետ և շնորհակալություն հայտնել ՀԲ-ին՝ ջրային ռեսուրների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացմանն օժանդակելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է այդ ոլորտում բարեփոխումները և քայլերն օպտիմալացման ուղղությամբ:
«Գյուղատնտեսության ոլորտում սկսել ենք իրականացնել ծրագրերի մեծ փաթեթ, որի նպատակն է գյուղացիական տնտեսություններին ուղղորդել՝ զբաղվելու ավելի էֆեկտիվ, ժամանակակից և ինտենսիվ գյուղատնտեսությամբ: Այս առումով, կարևոր է, որպեսզի ջրային ռեսուսների կառավարման ոլորտում բարեփոխումները շարունակվեն և այն դառնա տրամաբանական բիզնես, ինչը կբերի արդյունավետության, կարգապահության բարձրացման, ծախսերի նվազեցմանը», – ասել է վարչապետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի: