X
    Categories: 2018

ACNIS reView #9, 2018: Հայաստանի անվտանգության միջավայրը փոխվում է

 

Խմբագրական

Հայաստանի անվտանգության միջավայրը փոխվում է

 

 

ՄԱՐՏԻ 18 2018 

 

Մարտին
տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ անմիջապես Հայաստանի
Հանրապետության անվտանգության շահերը շոշափող միջազգային հարաբերություններում
շարունակվում է խորացող ճգնաժամը: Առաջին հերթին դա վերաբերում է Սիրիայում
ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմական
հռետորաբանության խստացմանը:

Տարածաշրջանային
առանցքային ուժերի` Թուրքիայի, Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հիմնական
դիրքորոշումներում ոչ պակաս կոշտություն է նկատվում: Դամասկոսի Ղութայի
արվարձանում Սիրիայի բանակի հարձակողական գործողությունները, ինչպես նաեւ Սիրիայի
Աֆրին քաղաքում թուրքական բանակի դիրքերի խորացումը հանգեցրին բոլոր
դերակատարների՝ միմյանց նկատմամբ բազմակողմանի պնդումների ու պահանջների: Բանը
հասավ նրան, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարեցին զենք կիրառելու
իրենց պատրաստակամության մասին, եթե իրավիճակը չզարգանա իրենց կամքով: Պակաս
անհանգստացնող չեն երեւում Թուրքիայից Իրանի ու Սաուդյան Արաբիայի պահանջները՝
Աֆրինում գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Արդեն կարելի է պնդել, որ
Սիրիայում իրավիճակը կարգավորելու՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի
համագործակցության եռակողմ ձեւաչափը փլուզման վտանգի տակ է: Նման միտման
շարունակության դեպքում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կարող է լուրջ
փոփոխություններ կրել: Դա ուղղակիորեն կանդրադառնա տարածաշրջանային բոլոր ուժերի
քաղաքականության վրա:

Ինչ վերաբերում
է Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրներին, կարելի է ասել, որ նկատվում է
Հարավային Կովկասի երկրների հետ ռազմաքաղաքական համագործակցության հարցերում Ռուսաստանի
եւ արեւմտյան ուժերի դիրքերի բեւեռացում: Այստեղ անհրաժեշտ է առանձնացնել վերջին
ժամանակների մի շարք կարեւոր հայտարարություններ: ԱՄՆ-ը պատժամիջոցներով է
սպառնացել այն երկրներին, որոնք կունենան ռուսական զենք ձեռք բերելու նշանակալի
գործարքներ: ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ պատերազմի դեպքում այս
կազմակերպությունը չի օգնի Լեռնային Ղարաբաղին: Այս հայտարարություններին հետեւեց
երկու կարեւոր իրադարձություն: Մարտի 14-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած
ճեպազրույցում ՌԴ Դաշնային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Կ.Կոսաչեւը հայտարարել է, որ «2016 թվականից հետո Ռուսաստանը լրջորեն
փոխել է իր ռազմական քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում:
Ռուսաստանը միայն կատարում է մինչեւ 2016թ. ապրիլը կնքված պայմանագրերը»: Մի քանի
օր առաջ`մարտի 12-ին, ադրբեջանական բանակն անցկացնում է լայնածավալ ռազմական
զորավարժություններ` մարտական կրակոցներով եւ «հակահարձակողական» ծրագրով:
Լեռնային Ղարաբաղը նույնպես տանկային զորավարժություններ է սկսել: Այսինքն՝
տարածաշրջանում բոլորը ցուցադրում էին իրենց դիրքերը:

Բայց ուշագրավ
է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելեց ԱՄՆ
Կոնգրես եւ ընդունելության ժամանակ հայտարարեց. «Միացյալ Նահանգների հետ
հարաբերությունների զարգացումը եւ խորացումը եղել է, կա եւ կլինի մեր արտաքին
քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»: Եվ, ինչը ոչ պակաս հետաքրքիր է,
մարտի 12-13-ը Լոնդոնում կայացան հայ-բրիտանական ռազմական եւ քաղաքական
խորհրդակցություններ, որից հետո կողմերը 2018-ի համար ստորագրեցին գործակցության
ծրագիր երկու ռազմական գերատեսչությունների միջեւ, որը նախատեսում է ավելի քան 20
համատեղ միջոցառումների իրականացում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության
կրթօջախներում: Այս իրադարձությունները տեղի ունեցան Ռուսաստանի նկատմամբ
Բրիտանիայի նոր խիստ պահանջների խորապատկերի վրա: Խոսքը վերաբերում է Ս.Սկրիպալին թունավորելու
գործում առնչակցության համար Ռուսաստանին «պատժելու» միջոցառումների մասին Մեծ
Բրիտանիայի վարչապետ Թ.Մեյի մարտի 14-ի հայտնի հայտարարությանը:

Ինչպես ասում
են, ամեն ինչ շրջվեց եւ վերջնականապես խճճվեց: Կարելի էր ակնկալել Ադրբեջանի
կտրուկ արձագանքը եւ Ռուսաստանի հերթական խաղերը: Այդպես էլ եղավ: Ադրբեջանում ԱՄՆ
դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվեց Ադրբեջանի ԱԳՆ
բողոքի նոտան՝ ուղղված ԱՄՆ Պետդեպարտամենտին: Մարտի 15-ին ադրբեջանական կողմը
ցուցադրաբար ԵԱՀԿ առաքելությանը դուրս չբերեց զորքերի շփման գծում ԵԱՀԿ պլանային
մշտադիտարկմանը: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան
ճեպազրույցում հայտարարեց, որ Մոսկվայում Արցախի Հանրապետության
ներկայացուցչություն չկա: Այսինքն՝ Ռուսաստանն ամսվա ընթացքում եւս մեկ անգամ
«լվաց ձեռքերը» Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանն ու
Արցախը ակամա պետք է խորացնեն հարաբերությունները Արեւմուտքի հետ. Ռուսաստանն իր
գործողություններով ինքն է նրանց դրդում դրան: Սկզբունքորեն Ռուսաստանը
շահագրգռված է այդ միտումներով, քանի որ դրանք լրացուցիչ հնարավորություններ են
տալիս ամրապնդելու ազդեցությունն Ադրբեջանի վրա: Բայց դեռեւս այդ միտումներն
անսովոր են բոլորի համար: Տարածաշրջանի բոլոր երկրների համար անվտանգության
մթնոլորտը լղոզվում է. թե ով իրեն ինչպես կպահի հետագայում, ամբողջովին պարզ չէ:
Մինչ այժմ տեսնում ենք միայն փոփոխությունների կանխարգելման ընդհանուր
ցանկություն: Օրինակ է հանդիսանում մարտի 15-ին Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ
Վրաստանի կողմից արված չորս պետությունների պետական սահմանների ինքնիշխանության եւ
անձեռնմխելիության մասին համատեղ հայտարարությունը:


Emma Nadirian: