X
    Categories: 2018

ACNIS reView #9, 2018: Ինչի՞ կարող են հասցնել զորավարժությունները…

 

Ազատ ամբիոն

 

 

ՄԱՐՏԻ 17 2018 

Անցյալ
շաբաթը նշանավորվեց մարտի 12-17-ը Ադրբեջանում անցկացված լայնածավալ
զորավարժություններով: Դրանց մասնակցում էին տարբեր զորատեսակներ, շուրջ 25 հազար
զինծառայող, 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000
հրթիռահրետանային տեղակայանքներ եւ այլ նշանակության 50 միավոր բանակային ու
ճակատային օդուժ:

«Զորավարժությունների
ընթացքում զորքերը կկատարեն հակառակորդի հարձակումները ետ մղելու, նրան կրակային
հարվածներ հասցնելու, ինչպես նաեւ հակահարձակման միջոցով շահավետ դիրքերում
պաշտպանության գծերը վերականգնելու առաջադրանքներ՝ հետագա լայնածավալ
հակահարձակողական գործողության կատարման նպատակով»,- հայտնել է Ադրբեջանի
պաշտպանության նախարարությունը: Տարբեր հրաձգարաններում իրականացվել են մարտական
հրաձգություններ՝ նոր զինհամակարգերի կիրառմամբ: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի
հայտարարության համաձայն`«Ադրբեջանը սկսեց զորավարժությունները (ամենից բազմամարդ
իրադարձությունը երկրի նախագահի «վերընտրության» քարոզարշավի շրջանակներում)
ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորության խայտառակ խախտմամբ՝ այդ մասին տեղյակ
չպահելով ԵԱՀԿ անդամ երկրներին»:

Այն, որ
յուրաքանչյուր երկիր անցկացնում է ռազմական զորավարժություններ, եւ դա անակնկալ
չէ, բոլորը գիտեն: Բայց այս դեպքում հետաքրքրություն է առաջացնում երկու
հանգամանք: Առաջին՝ զորավարժությունները սկսվեցին հենց Ադրբեջանում նախագահական
ընտրությունների եւ Հայաստանի գործող նախագահին վարչապետի պաշտոնում ընտրելու
ուղղությամբ Հայաստանի իշխող կուսակցության ծավալած ակտիվ քարոզչական աշխատանքի
նախաշեմին: Երկրորդ՝ զորավարժությունների նպատակի լիովին նոր ձեւակերպումը.
«շահավետ դիրքերում պաշտպանության գծի վերականգնում՝ հետագա լայնածավալ
հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար»: Փաստորեն, ոչ թե
«հարձակողական», այլ «հակահարձակողական» ձեւակերպումները Ալիեւը փոխառել է Սերժ
Սարգսյանից, որպեսզի հետագայում չասեն, թե Ադրբեջանն է առաջինը սկսել հարձակումը:
Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում, եթե Ադրբեջանը որեւէ տերությունից
ռազմական գործողություններ սկսելու «դաբրո» ստանա, նա անպայման սկսելու է
ձեռնարկել «հակահարձակման գործողություն»: Այն, որ 2016թ. ապրիլին «դաբրոն» տրվել
էր Մոսկվայից, հաստատում են նաեւ 2018թ. մարտի 15-ին Արկադի Տեր-Թադեւոսյանի
խոսքերը՝ «Գոլոս Արմենիի» հետ զրույցում. «2016-ին Ռուսաստանը խնդիրներ ունեցավ,
ուստի թույլ տվեց Ադրբեջանին հարված հասցնել …»: Այժմ, զորավարժությունների
նախօրեին, Կրեմլը բարձրաստիճան իր զինվորականի շուրթերով պաշտոնապես հայտարարեց,
որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն չի միջամտի ռազմական հակամարտությանը:

Այն, որ նման
դիպաշար հնարավոր է, կասկած չկա: Այսպես, ԱՄՆ հետախուզության զեկույցի համաձայն՝
մեծ է Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:
Ու թեեւ Արեւմուտքն անընդհատ Էնդրյու Շեֆերի շուրթերով հայտարարում է, թե
«ստատուս-քվոն երկարաժամկետ հեռանկարում չի կարող պահպանվել, Լեռնային Ղարաբաղի
հակամարտությունը ռազմական լուծում չունի», հնարավոր է, որ Ադրբեջանը, իր նախագահի
գլխավորությամբ, ստանալով արտաքին աջակցություն, եւս մեկ անգամ փորձի «մարտով
հետախուզություն» իրականացնել` Արցախի հողերից եւս 800 հա «պոկելով» եւ իր
ժողովրդի աչքում հաղթանակած դուրս գալով: Մանավանդ որ, Խաղաղության Ստոկհոլմի
միջազգային հետազոտական ինստիտուտի (SIRRI) տվյալների համաձայն՝ Ադրբեջանը զենքի
ձեռքբերման համար 5 անգամ ավելի շատ միջոցներ է ծախսել, քան Հայաստանը: Ընդ որում՝
ադրբեջանցիներին, բացի Ռուսաստանից, զենք են մատակարարում նաեւ այլ երկրներ (այդ
թվում՝ Իսրայելը), մինչդեռ Հայաստանին զենքի մատակարարումը 100 տոկոսով Ռուսաստանից
է գալիս: Առաջին հայացքից՝ «բլիցկրիգի» կամ կայծակնային պատերազմի համար կատարյալ
տարբերակ է, հատկապես, որ Կրեմլի թույլտվությունը, կարծես թե, ստացվել է:

Սակայն սխալ
կլիներ այս հարցին միանշանակ մոտենալ: Մոսկվան արդեն սկսել է մտածել
տարածաշրջանում միակողմանի քաղաքականության արդյունավետության մասին: Այս առումով
ուշագրավ է քաղաքագետներ Ստանիսլավ Տարասովի եւ Ստանիսլավ Ստրեմիդլովսկու «Հերիք
է՝ Մոսկվան խաղա Բաքվի կանոններով» հոդվածը, որտեղ հեղինակներն ուղղակի հաստատում
են վերոնշյալը: Նրանք, ի մասնավորի, գրում են. «… Լեռնային Ղարաբաղի հարցում
Մոսկվան խաղում է ադրբեջանական կանոններով, մինչդեռ Երեւանը եւ Ստեփանակերտը սկսել
են դիվերսիֆիկացնել իրենց արտաքին քաղաքականությունը՝ հույս չփայփայելով, որ
Ռուսաստանն իր պայմանները կդնի շրջափակումը վերացնելու համար: Ռուսական նմանատիպ
քաղաքականությունը վտանգավոր է, քանի որ այն պահպանում է Ղարաբաղում կայծակնային
պատերազմի
 հնարավորության՝ Ադրբեջանիհույսը:
Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան հայտարարում է, թե իր նպատակն է թույլ չտալ Բաքվի
եւ Երեւանի միջեւ հերթական զինված բախում: Բայց դրանք սոսկ բառեր են, իսկ ո՞ւր են
գործերը»:

Արցախի
կառավարության պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ եւ դրա ընդունման մակարդակի
փաստը վկայում է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Արցախի հարցում զգալի
փոփոխություններ է կրել: Վերը նշված հոդվածը հաստատում է Կրեմլի մտահոգությունը,
որը վախենում է բաց թողնել խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ այն հանձնել
ԱՄՆ-ին:

Այս
գործընթացների խորապատկերին արժե՞ր արդյոք, որ Ալիեւն այդպես վտանգի ենթարկի իր
ապագան: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կավարտվի այս պատերազմը: Ադրբեջանի զորավարժություններին
ի պատասխան, Արցախի ինքնապաշտպանական ուժերը զուգահեռաբար իրենց
զորավարժություններն են անցկացնում: Ընդ որում՝ կարող են տուժել միայն զինվորներն
ու խաղաղ բնակչությունը ինչպես Արցախում, այնպես էլ Ադրբեջանում: Ամենայն
հավանականությամբ, Ալիեւը ընտրություններից առաջ եւս մեկ անգամ ուզում է աշխարհին
ցույց տալ իր ռազմական հզորությունը եւ զինված ճանապարհով Ադրբեջանի «տարածքային
ամբողջականությունը վերականգնելու» իր իրավունքը: Հայաստանի համար եւս ձեռնտու չէ
Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը: Լավ է, եթե պատերազմի
արդյունքում հաղթի Արցախը: Դա նվեր կլինի Սերժ Սարգսյանին՝ մնացյալ կյանքի համար.
ինքնաբերաբար կամրագրվի նրա անփոխարինելիության մասին իշխող կուսակցության կողմից
անվերջ առաջ քաշվող թեզը: Իսկ եթե ո՞չ: Եթե հայկական ուժերի հակահարձակման
պարագայում դարձյալ հրաման տրվի դադարեցնել հարձակումը, ինչպես դա եղավ 2016-ի
ապրիլյան պատերազմում: Չէ՞ որ մինչ օրս հասարակությունը չգիտի, թե ով է տվել կանգ
առնելու հրամանը: Այս անգամ Սերժ Սարգսյանը չի խուսափի պատասխանատվությունից
(նույնիսկ եթե ռազմական գործողությունների սկսման պահին Հայաստանի սահմաններից
դուրս գտնվի), քանի որ հենց նա է գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն դեպքում չի
կարելի բացառել իրավիճակի հետագա զարգացման տարբերակներից ոչ մեկը, եւ Հայաստանը
պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Բայց միշտ պետք է հիշել, որ մեր զինվորների կյանքն
անմիջականորեն կախված է ոչ թե զենքի քանակից ու որակից, այլ Հայաստանի վարած
գրագետ եւ ինքնիշխան արտաքին քաղաքականությունից՝ առանց դրսի օգնության վրա հույս
դնելու:

 

Կարապետ Կալենչյան

Adrine Hakobian: