X
    Categories: 2018

ACNIS reView #9, 2018: Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ. մարտի 10-17

 

 

 

ՄԱՐՏԻ 17 2018 

Անցած շաբաթ օրը՝ մարտի 10-ին, Ազատության հրապարակում իր անդրանիկ
հանրահավաքն անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Այս նախաձեռնությունը
կամ շարժումը հավակնում է դառնալ հենց այն պլատֆորմը, որը, ինչպես իրենք են ասում,
կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր
կուսակցությունների եւ անհատների: Հանրահավաքի ժամանակ հնչեցին ելույթներ,
հրապարակվեց շարժման ծրագրահենքը, ինչպեսեւ «Ազատություն քաղբանտարկյալներին»
վանկարկումներով՝ երթ ձեռնարկվեց դեպի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի հայաստանյան
գրասենյակներ՝ այդ կառույցներին հանձնելով իրենց պահանջներն ամփոփող նամակը։
Նրանում մասնավորապես ասված է. «Այն կառավարությունը, որն ունի քաղբանտարկյալներ,
տեղ չպետք է ունենա քաղաքակիրթ աշխարհում, հատկապես եվրոպական ընտանիքում, որտեղ
մարդու իրավունքները պահպանվում են ամենաբարձր մակարդակով»: Հաջորդ հանրահավաքը
նշանակված է մարտի 16-ին:

…Նախ՝
խոստովանենք, որ Ազատության հրապարակը բավական մարդաշատ էր, ինչն անսպասելի էր
անգամ կազմակերպիչների համար: «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնությունը
ստեղծվել է մեկ ամիս առաջ
անդամները հիմնականում Շուշիի
առանձնակի գումարտակի հրամանատար, անցած տարվա հունիսից զանգվածային
անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող՝ «Հիմնադիր
խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի համակիրներն են։ Շարժումն առաջին քայլով
մտադիր է ստեղծել ժամանակավոր կառավարություն, ինչպես նաեւ այդ ընթացքում համաներմամբ
ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետագայում Սահմանադիր ժողովի կողմից հաստատել
Սահմանադրություն եւ անցկացնել նոր ընտրություններ: Այս պահին «Հանուն Հայաստան
պետության» ճակատում առավել հայտնի քաղաքական ուժերից ընդգրկված է
«Ժառանգությունը»: Կուսակցության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով
մասնակցում էր հանրահավաքին, ելույթում շեշտել է, որ շարժումը, ըստ էության,
ապակուսակցական է, եւ պետք է միավորել բոլոր ջանքերը՝ թույլ չտալու ՀՀԿ-ի
վերարտադրությունը կամ Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Հակառակ դեպքում, ըստ
Մարտիրոսյանի, եթե ապրիլի 9-ից հետո Սարգսյանը շարունակի պաշտոնավարել որպես
վարչապետ, ապա հետագա տարիներին Հայաստանից կրկին մի քանի տասնյակ հազարավոր
մարդիկ կարտագաղթեն: Հենց դա է, որ իրենք չպիտի թույլ տան: Հայտարարարություն
հնչեց, որ ապրիլի 9-ից, երբ ավարտվում են ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի
լիազորությունները եւ յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները պետք է
ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, 7 օր պարբերաբար հանրահավաքներ
կանցկացվեն: Մարտի 10-ի հանրահավաքին ներկա էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության
ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, մի շարք
իրավապաշտպաններ: Վերջիններից Արթուր Սաքունցն իր ելույթում արծարծել է
քաղբանտարկյալների թեման՝ մասնավորապես նշելով Շանթ Հարությունյանի, Ժիրայր
Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի անունները: Իրավապաշտպանի խոսքով՝ անընդունելի է
21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալներ: Իսկապես՝ այս տեսակետին չհամաձայնել չենք
կարող:

 

Մոտ երեք
տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հանդես են եկել
հայտարարությամբ՝ իշխանություններից պահանջելով անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան»
ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական
հետապնդումը եւ նրան ազատ արձակել: Կազմակերպություններն «իրենց խիստ
մտահոգությունն ու վրդովմունքն են հայտնում» Անդրիաս Ղուկասյանի դեմ շարունակվող
քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: «Տեղական եւ միջազգային կառույցները
բազմիցս բարձրաձայնել ու արձանագրել են, որ իշխանությունները «պատժում են» Անդրիաս
Ղուկասյանին` նրա քաղաքական հայացքների համար: Բայց այդ գնահատականներն
անուշադրության են մատնվել թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ վերջիններիս հետ
համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասված է
հայտարարությունում:

…Հիշեցնենք, որ
Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք էր առաջադրվել 2016 թվականի
հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու
համար: Սակայն ներկայում միայն Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով
քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չնայած բազում
միջնորդություններին, չի փոխվում, եւ նա շարունակում է մնալ անազատության մեջ։
Ուշագրավ է, որ Վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու
վերաբերյալ ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց էր ուղղել, թե
արդյո՞ք Ղուկասյանը շարունակելու է ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ
արձակվի: Եվ ստանալով նրա միանշանակ դրական պատասխանը, Վերաքննիչը որոշում է
կայացրել չփոխել ընդդիմադիր գործչի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը:
Իրենց հայտարարության մեջ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նշում
են, որ 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
գրանցել է Ղուկասյանի գանգատը: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության դեմ
ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի
խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ
պետական իշխանության չարաշահումը, եւ Եվրոդատարանն այն մեկնաբանում է որպես միջոց՝
ընդդեմ պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների»: Մարդու
իրավունքների եվրոպական դատարանը Անդրիաս Ղուկասյանի հայցադիմումին քննության
առաջնահերթություն է տվել, ինչը ենթադրում է, որ դատարանը պետք է կարճ
ժամկետներում խախտումների վերաբերյալ հարցեր ուղղի Հայաստանի կառավարությանը:
Ցավոք, ավելի քան 12 ամիս է անցել, բայց դատարանի կողմից Հայաստանի կառավարությանը
հարցեր չեն առաջադրվել: Այս առնչությամբ քաղաքացիական ՀԿ-ները Եվրոպական Միությանը
եւ Հայաստանի հետ գործակցող միջազգային կառույցներին առաջարկում են քաղաքական
հետապնդումները եւ, մասնավորապես, Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը
դադարեցնելու պահանջը դարձնել Հայաստանի Հանրապետության հետ իրենց հարաբերությունների
զարգացման հիմնական նախապայմաններից մեկը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական
դատարանից պահանջում են հետեւողականություն դրսեւորել քաղաքական ենթատեքստ ունեցող
գործերի քննության նկատմամբ, առավել եւս, երբ այդ գործերի քննության համար
սահմանվել է առաջնահերթության կարգ: Հայտարարությունը ստորագրել են լրագրողների
«Ասպարեզ» ակումբը, «Հայաստանի հելսինկյան ասոցիացիա», «Իրազեկ քաղաքացիների
միավորում», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական
կազմակերպությունները, Երեւանի մամուլի ակումբը եւ այլք։ Ցավալի է, որ մեր
օրերում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է մարդու հիմնարար իրավունքների
գերակայությունը, Հայաստանի իշխանությունները չեն փոխում քաղաքացու ազատ կամքի վրա
բռնանալու, աճպարարությունների ու շինծու գործերի միջոցով անհաճո անձանց հասարակությունից
մեկուսացնելու իրենց արատավոր գործելաոճը:

 

Արցախի
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-14-ը
աշխատանքային այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում էր: Այս մասին հայտնել են
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: Պատվիրակությունն այցելել է Վաշինգտոնում
ՀՀ դեսպանատուն եւ Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն, հանդիպել
դիվանագիտական անձնակազմերի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանը
հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Պաշտոնական աղբյուրի տեղեկացմամբ`
Արցախի նախագահի այցը ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին
այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի
նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Բակո Սահակյանի այցի
առնչությամբ:

…Պարզվում է`
պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը
հանդիպումներ էր ունենալու ԱՄՆ Կոնգրեսի վարչական շենքում: Նահանգներին հղված
բողոքի նոտայում կոչ էր արվում ամերիկյան իշխանություններին հետեւել «միջազգային
իրավունքների նորմերին եւ թույլ չտալ իր տարածքում Ադրբեջանի ինքնիշխանության
ոտնահարմանն ուղղված գործունեություն»: «Այդ քայլով Միացյալ Նահանգները լուրջ
հարված է հասցնում բանակցային գործընթացին եւ ծառայում տարածաշրջանում
լարվածության աճին: Ադրբեջանը փոխադարձ կերպով կպատասխանի նման վարքագծին»,- ի
լրումն պաշտոնական հաղորդագրության, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության
խոսնակը: Բակո Սահակյանի այցի նախօրեին The National Interest ամսագրում հոդվածով
հանդես էր եկել Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը` գրելով,
թե արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը ԼՂՀ-ին ընդունի ազգերի
ընտանիքում: «Այս շաբաթ,- ամերիկյան պարբերականում գրել է Էվանսը,- Արցախի՝
ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա
չի ընդունվի ամերիկյան վարչակազմի կողմից մասամբ նաեւ այն պատճառով, որ Միացյալ
Նահանգները լուռ է այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի
Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»: Էվանսի հեղինակած
հոդվածում կարմիր թելի պես անցնում է Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության գաղափարը:
Նախկին դեսպանի համոզմամբ՝ ազգերի ինքնորոշման իրավունքն այլեւս գերակա է դարձել
տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ: «Արցախի ժողովուրդն ունի եւ պետք
է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս»,- ամփոփել է դիվանագետը:

Հատկանշական է,
որ Բակո Սահակյանի այցը զուգադիպել է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի` Վաշինգտոն
կատարած այցին, ինչը կարեւոր խորհուրդ ունի` հատկապես ԱՄՆ-Արցախ շփումների հետագա
աշխուժացման, Արցախի զգայուն խնդրի ամերիկյան աջակցության ակնկալիքի համատեքստում:
Մարտի 14-ին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում Արցախի Հանրապետության նախագահը
կարեւորել է ԱՄՆ օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները՝
նշելով, որ դրանք մեծացնում են իրենց պատասխանատվությունը՝ համառ ու քրտնաջան
աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի խորացնելու ու
զարգացնելու գործում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

 

CNN-ի հաղորդմամբ` նախագահ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատանքից ազատել է պետքարտուղար Ռիքս
Թիլերսոնին, եւ Պետքարտուղարությունը կգլխավորի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն` ԱՄՆ
նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպումից առաջ:
Մարտի 13-ին հնչեցրած հրաժեշտի հայտարարության մեջ Թիլերսոնը երախտագիտություն է
հայտնել ամերիկյան ժողովրդին, Պետքարտուղարության աշխատակազմին եւ ազգանվեր
դիվանագետներին: Ըստ CNN-ի, Թրամփն ամիսներ
շարունակ ցանկանում էր Պոմպեոյին տեսնել պետքարտուղարի պաշտոնում: «Ես եւ Պոմպեոն
նույն ալիքի վրա ենք, եւ մեր հարաբերությունները միշտ եղել են շատ լավ»,- ասել է
Թրամփը:

Նույն
պարբերականի փոխանցմամբ` Ջինա Հասպելը կդառնա Կենտրոնական հետախուզության
վարչության առաջին կին տնօրենը: Նա ավելի քան 30 տարվա հետախուզության սպայի փորձ
ունի եւ Թայլանդում ղեկավարել է «սեւ վայրեր» կոչված բանտերից մեկը, որտեղ 2002-ին
խոշտանգումների էին ենթարկում ալ-Քաիդայի կասկածելի անդամներին:

 

Ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալին ու
նրա դստերը կանխամտածված կերպով թունավորել են Նովիչոկնյարդային
գազի միջոցով, որի մշակող Վիլ Միրզոյանովը այն անվանել է «զանգվածային ոչնչացման
զենք»: Թերեզա Մեյը Ռուսաստանին է մեղադրել միջադեպի համար եւ երկրից վտարել 23
ռուս դիվանագետների: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նա
խոստացել է «լուծել ռուսական լրտեսների, կոռումպացված ընտրախավի ու նրանց
չհիմնավորված հարստության հարցերը»:

ԱՄՆ սենատոր Ջոն
ՄըքՔեյնը` Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահը, հրապարակել է
Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր` Յուլիայի թունավորման վերաբերյալ հետեւյալ հայտարարությունը.
«Մենք հույս ունենք, որ Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները կապաքինվեն, բայց պետք է
ընդունենք դաժան իրականությունը. Կրեմլի ստվերում կամ անգլիական ծայրամասում
գտնվող խաղաղ քաղաքներում Պուտինը չի խուսափի մասնակցել պետական հովանավորությամբ
սպանությանը եւ վտանգի ենթարկել անմեղ մարդկանց կյանքը: Նրան չպետք է թույլ տալ,
որ Միացյալ Թագավորությանը կամ մեկ այլ երկրի վերաբերվի որպես քաղաքական
սպանությունների վայրի»:

Պարբերականը
մեջբերումներ է ներկայացրել նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ
Թագավորության ներկայացուցիչների համատեղ հայտարարությունից:
Նրանում մասնավորապես ասված է. «Մենք` Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների
եւ Միացյալ Թագավորության ղեկավարներս, նենգություն ենք համարում 2018 թվականի
մարտի 4-ին Միացյալ Թագավորության Սալիսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների դեմ
կատարած հարձակումը… Բրիտանիացի ոստիկանը, որը նույնպես ենթարկվել է հարձակման,
շարունակում է ծանր վիճակում մնալ, եւ շատ անմեղ բրիտանացի քաղաքացիների կյանքին
եւս վտանգ է սպառնում: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժածներին… Դա
հարձակում էր Միացյալ Թագավորության ինքնիշխանության վրա, եւ որեւէ պետության
կողմից նման գազի օգտագործումը Քիմիական զենքի կոնվենցիայի եւ միջազգային
իրավունքի կոպիտ խախտում է: Այն սպառնում է բոլորիս անվտանգությանը… Մենք կոչ ենք
անում Ռուսաստանին` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի, կատարել իր
պարտավորությունները միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

 

Antranik Varosian: