- 24.04.2018
- Հայաստան
- arm
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի և միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրահատության ժամանակ՝ ժամը 21.45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն և կենսաբանական մահ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Քրեական գործով Ն.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող: Քննությամբ պարզվել է, որ Ն.Հովհաննիսյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է Վաղարշապատի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտակայքում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես տեղեկացրել է hetq.am-ը, նախօրեին երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ավելի վաղ ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:
Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների երթը, որպեսզի չգնան Երևան: Գլխով հարվածել է ցուցարարներից մեկին, վերջինս էլ դանակով հարվածել է: