Verelq: Ո՞վ է կողմ և ո՞վ է դեմ., բայց ոչ Նիկոլ Փաշինյանին, այլ ճգնաժամի հանգուցալուծմանը

  • 01.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

12
 1051

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեցին ՀՀ վարչապետի ընտրության շուրջ քննարկումները: Եկույթ ունեցան նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու՝ Նիկոլ Փաշինյանին կողմ, թե դեմ:


ԿՈՂՄ. Արմեն Ռուստամյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար

Ես ստիպված եմ անդրադառնալ Աղվան Վարդանյանի հայտարարությանը, որը իր իսկ խմբակցության համար անակնկալ էր: Մենք, իհարկե, հարգում ենք նրա որոշումը, բայց սա Դաշնակցություն է, և այդ պահվածքին անպայման գնահատական կտանք:


Իսկ Դաշնակցության դիրքորոշումը նույնն է և անփոփոխ՝ մենք քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Մենք պետք է հասնենք այնպիսի հանգուցալուծման, որից կշահի հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում: 



ԿՈՂՄ. Միքայել Մելքումյան, «Ծառուկյան» խմբակցություն


Մենք արձանագրում ենք, որ ներկայիս իշխանությունների սխալի չափն այնքան է, որ նա չի կարող մնալ, նա պետք է հեռանա: Մենք կանգնած ենք ջրբաժանի  եզրին, եթե այսօր սխալվենք՝ հետ ենք շպրտվելու տասնամյակով: Ծառուկյան դաշինքը միացել է համաժողովրդական շարժմանը և կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին:


ԴԵՄ. Վահրամ Բաղդասարյան, Հանրապետական խմբակցություն

Ուլտիմատումների, շանտաժների, հայհոյանքների միջոցով քաղաքական որոշումներ չեն կայացվում: Մենք ընդունել ենք ժողովրդի հաղթանակը, համաձայն ենք հնչող քննադատությունների  հետ, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել որևէ թեկնածուի: Բայց Հանրապետական խմբակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հարցին՝ փորձելով կասեցնել վտանգավոր ալիքը, որ կծնվի մեր երկրում: 


Արա Բաբլոյան ԱԺ նախագահ, ՀՀԿ կուսակցություն, արտահերթ ելույթ


Բոլորիս ցանկությունն է, որ մենք միանշանակ պետք է անենք, տեղի ունենան սահուն և անցնցում: Քաղաքական ուժերի վերջին քննարկումների ժամանակ ի հայտ եկան երկրում առկա ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթները: Միևնույն ժամանակ այն բոլոր քննադատությունները, որ հնչեցին նաև ՀՀԿ-ականների կողմից, վկայում են, որ առանց այդ թերությունները վերացնելու իրավիճակը բարելավել և երկրի առաջընթացն ապահովել: Փաստ է, որ այսօր գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ և այն պետք է հանգուցալուծել խաղաղ և բոլորի համար ընդունելի ճանապարհով:


Պարոն Փաշինյան, երկխոսելու  փոխարեն դուք ուզում եք ճնշել և պարտության մատնել խորհրդարանական մեծամասնությանը: Որպես հմուտ քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ առանց երկխոսության: Իմ համոզմամբ, մենք պետք է շարունակենք առաջ գնալ քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ ուրվագծելով վաղվա օրը առանց ցունամիների ու ցնցումների: