Verelq: Մամուլ. ՀՀԿ-ն կփորձի ձգել ևս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների

  • 03.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

10
 669

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է, թե ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: 

Եթե անկեղծ լինենք` շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ կհանձնի իշխանությունը: Կասկածներ կան, որ ընդդիմությանը չի հաջողվի հավաքել պատգամավորների 1/3-ի՝ 35 հոգու ստորագրությունը՝ Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար: Ճիշտ է` երեկ հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Եւ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կաջակցի եւ կողմ կքվեարկի Փաշինյանին: Ծառուկյանի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե աջակցությունը ենթադրում է նաեւ օգնել վարչապետի առաջադրման հարցում ստորագրություններ ապահովելով:


Սակայն համառ կասկածներ կան, որ վերջին պահին 35 ստորագրությունները չեն հավաքվի. ՀՀԿ-ն հազիվ թե իր մեջ գտնի կամք՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար: Ուստի կփորձեն ձգել եւս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների: Իսկ այդ ընթացքում բացատրական աշխատանքներից հետո Փաշինյանին առաջադրելու պատրաստ պատգամավորներից ոմանք մի քանի օրով անհետ կկորչեն, կամ պարզապես կհեռանան երկրից՝ ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու համար, ոմանք կմեկնեն գերտերությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու: Բայց պետք է արձանագրենք. սրանով ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա. համաժողովրդական ալիքը նոր թափով կբարձրանա` այս անգամ մինչեւ վերջ սրբել-տանելու իշխանությանը: Տա Աստված, այս հոռետեսական կանխատեսումները չիրականանան»:

«Հրապարակը» գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։ «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում։ Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ` դժվար։ Ապա այդ փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային այլ կառույցների փորձաքննությունը։ Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտեւի մոտ 6 ամսից մինչեւ 1 տարի։
Այսինքն` աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ժողովրդի վերաբերմունքում։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում եւ` ղարաբաղյան։ Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջեւ, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը Հայաստանի նոր իշխանություններից ուզում է հավաստիացումներ, որ առնվազն երեք ոլորտներում ռուսական ընկերությունների ունեցած մենաշնորհը կպահպանվի: Խոսքը գազի և հեղուկ վառելիքի՝ բենզին, դիզվառելիք, շուկայում ունեցած մենաշնորհի մասին է: Ինչպես նաև Ռուսաստանն ուզում է հավաստիացում, որ կշարունակի վերահսկել այնպիսի բնական մենաշնորհ, ինչպիսին երկաթուղին է, որը կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնվել է ռուսական պետական РЖД ընկերությանը: Բանակցությունները դեռևս շարունակվում են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քայլը, երբ հակառակ խմբակցության որոշման, կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ ներսում լուրջ քննարկումների, ոմանց մոտ նախանձի առարկա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական գեներալներն ու եւս մի քանի պատգամավոր բարձրաձայն ափսոսանք են հայտնել, որ իրենք չվարվեցին Ցոլակյանի նման եւ կողմ չքվեարկեցին Փաշինյանին` այդպես հայտնվելով անհարմար վիճակում: Ավելին` Փաշինյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցած պատգամավորները ՀՀԿ վերնախավի մոտ դժգոհել են` ասելով, թե ինչո՞ւ իրենց ստիպեցին ժողովրդի որոշմանը դեմ գնալ ու հասարակության աչքին թշնամի դառնալ, իսկ Ցոլակյանի դեպքում չկարողացան հասնել նրան, որ վերջինս եւս դեմ քվեարկի: Չնայած, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ցոլակյանին ստիպելը, մեղմ ասած, հեշտ չէ: Ավելին` երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած Ցոլակյանի դեմ իշխանությունները չունեն կոմպրոմատներ, ինչպես ուրիշների դեպքում»: 

«Հրապարակը» գրում է. «Երեկ «Մարիոթում» հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին դուրս են եկել ժողովրդի մեջ եւ հայտարարություն արել։ Ծառուկյանն ասել է․ «Մենք հանդիպել ենք, քննարկել՝ առանց նախապայմանի, հաղթանակը ժողովրդինն է, ժողովրդի թեկնածուին քվեարկելու ենք կողմ, որն առաջին անգամ ենք արել, երկրորդ անգամ, երրորդ անգամ․․․ Ես ուզում եմ ասել մեկ անգամ եւս, որ մեր խոսքը գործ է։ Իմ այստեղ լինելը քաղաքական իրադրություն կփոխի, եւ ամսի 8-ին այդ իրադրությունը կկայանա։ Ամեն ինչ լավ կլինի՝ ընտրեն, թե չընտրեն։ Ժողովրդի դեմ խաղ չկա, ամենակարեւորը՝ դուք հաղթել եք։ Ամբողջ աշխարհն ա մեզ միացել, ամեն ինչ լավ ա լինելու»։ Նկատենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից այն պատճառով, որ վերջինս սկսեց համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ փորձելով «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնել»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում: Ավելին՝ արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գեներալների հետ միասին գիշեը հերթապահում են ՊՆ-ում: Ըստ էության, պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն է, ինչպես նաեւ սահմանում հակառակորդի որոշակի տեղաշարժը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը՝ փորձեց պարզել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից: Նա ասաց, թե «նախարարը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան եւ գնում է ուշ երեկոյան, ուստի վերջինիս աշխատանքային գրաֆիկի մեջ որեւէ փոփոխություն չի նկատել»: