Շաբաթվա անցուդարձ
ՄԱՅԻՍԻ 11 2018
Մայիսի 8-ին իր աշխատանքները սկսեց իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի
հատուկ նիստը, որի օրակարգում կրկին դրված է Հայաստանի վարչապետի ընտրության
հարցը: Պաշտոնի միակ թեկնածուն խորհրդարանի «Ելք» ընդդիմադիր խմբակցության
ղեկավար, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ
համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: Ինչպես հայտնի է, մայիսի
1-ին` ընտրության առաջին փուլում, նրան չէր հաջողվել հավաքել բավարար թվով ձայներ:
Փաշինյանին դարձյալ սատարում են Ազգային ժողովի ՀՅԴ, «Ելք», «Ծառուկյան դաշինք»
խմբակցությունները, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ ՀՀԿ խմբակցությունը
որոշել է օժանդակել Փաշինյանի ընտրությանը: Հատուկ նիստում վարչապետի թեկնածուին
ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, ինչից հետո
ծրագրային ելույթով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը: Տեղի ունեցած քվեարկության
ժամանակ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:
Այդպիսով` Նիկոլ Վովայի Փաշինյանը ընտրվեց Հայաստանի 16-րդ վարչապետ: ՀՀԿ
խմբակցությունից այս անգամ նրա օգտին կողմ քվեարկեց 13 պատգամավոր։ Լրագրողների
օթյակից Ազգային ժողովի աշխատանքներին հետեւում էր նաեւ նախօրեին Երեւան ժամանած
աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:
…Եվ այսպես` Նիկոլ
Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումը, որին միացած էին նաեւ «Մերժիր
Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը,
հասավ իր տրամաբանական եզրագծին: Հաղթանակով պսակվեց տեխնիկապես եւ գաղափարապես
գրագետ կազմակերպված շարժումը, որի մասնակիցների թիվը վերելքի բարձրագույն
կետին հասած պահերին հատում էր 250 հազարի սահմանը: Վարչապետի
պաշտոնում ժողովրդի թեկնածուի ընտրությունը հայկական «թավշյա» հեղափոխության
հաղթանակի արդյունքներից մեկի արձանագրումն էր:
Ելույթի սկզբում դիմելով
արցախցիներին` Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած «սիրո եւ
համերաշխության» հեղափոխությունը ոչ միայն վտանգ չի պարունակում, այլեւ նոր
հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ պետականության համար: «Հայկական
հեղափոխության արդյունքը, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի
դե-յուրե միջազգային ճանաչումը»,- ասել է նա` նշելով, որ հիմնական նպատակներից են
Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ազգային համերաշխության մթնոլորտի
ձեւավորումը, Հայաստանում իրավունքի ու օրենքի վրա հիմնված ազգային միասնության
հաստատումը: «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, եւ վերջ: Ընտրությունների
արդյունքները այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, եւ վերջ:
Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է
զբաղվել նախընտրած բիզնեսով, եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու,
եւ վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է
արվելու կոռուպցիան, եւ վերջ: Հաստատվելու է իրավունքի, օրենքի գերակայություն, եւ
վերջ»,- երկրում կուտակված խնդիրների լուծման իր վճռականությունն այսպես բանաձեւեց
Փաշինյանը` հայտարարելով, որ օրենքը հավասարապես պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների
ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու ընդդիմախոսների նկատմամբ:
«Սա է հայկական հեղափոխության հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին մենք պետք է
հավատարիմ մնանք անմնացորդ եւ մինչեւ վերջ»,- հավաստիացրեց ժողովրդի թեկնածուն:
Անդրադառնալով արտաքին
քաղաքական գերակայություններին` Փաշինյանը հայտարարեց, որ ընտրվելուց հետո
Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի ու հայ ժողովրդի
հավաքական շահը: Ըստ այդմ՝ զարգացվելու են հարաբերությունները Վրաստանի,
Ռուսաստանի, Իրանի, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Հնդկաստանի
հետ: Նրա խոսքով` Հայաստանը կյանքի է կոչելու Եվրամիության հետ համաձայնագիրը,
շարունակելու է մնալ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ` Ռուսաստանի հետ ռազմական
գործակցությունը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի
կարեւոր գործոն: Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ օրենքի առջեւ հավասարության
հաստատման պայմաններում պետք է տեղի ունենա նաեւ տնտեսական հեղափոխություն, ինչը
թույլ կտա Սփյուռքի գործարարներին՝ գալ եւ ներդրումներ անել Հայաստանում: Նրա ասելով`
տնտեսական զարգացման այնպիսի մոդել է ներդրվելու, որն իրապես կփոխի մարդկանց
կյանքը եւ կտրուկ կմեծացնի բյուջեի աճը, հնարավորություն կտա բարձրացնել
աշխատավարձերն ու թոշակները: Այդ առումով կարեւորվում է տնտեսական զարգացման երեք
առաջնահերթություն. հեղափոխական տեմպերով զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների,
գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտները: Միաժամանակ պետք է վերանայվեն
գյուղացիների վրա ծանրացած վարկային պարտավորությունները, փոխվի տարբեր
ոլորտներում քաղաքացուն տուգանելու տրամաբանությունը: «Հայաստանի Հանրապետությունը
սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետությունից շատ արագ պետք է
վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության»,- համոզված է
վարչապետի թեկնածուն: Ըստ նրա, խնդիրները լուծվելու են առանց վենդետաների ու առանց
սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունը եւ քաղաքացիների
իրավունքներն ու օրինական շահերը:
Լուրջ բարեփոխումների
անհրաժեշտություն է թեկնածուն տեսնում կրթության, առողջապահության, սոցիալական
ապահովության ոլորտներում, բանակում, կառավարման համակարգում եւ այլուր:
Մասնավորապես կրթությունը, Փաշինյանի համոզմամբ, պետք է ապակուսակցականացվի, վերջ
դրվի զինվորների սոցիալական հոգսը նրանց ծնողների վրա թողնելու պրակտիկային:
Սակայն փոփոխություններից ամենաառաջնայինը, ըստ նրա, ընտրական համակարգի
բարեփոխումն է՝ իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Բացի դրանից, Հայաստանում քաղաքական դրդապատճառներով այլեւս բանտարկյալներ չպետք է
լինեն. «Կառավարությունն իր իրավասության շրջանակներում ջանքեր կգործադրի, որ
քաղաքական գործունեության համար բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն,
եւ մենք, ի վերջո, ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի ամոթալի խարանից»,-
վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: Ելույթի վերջում նա կրկին շեշտեց, որ ատելությունն ու
ատելության քարոզը տեղ չունեն ու չպետք է ունենան նոր Հայաստանում: «Վերադարձ հնին
այլեւս չի լինելու: Մեր երկրում այլեւս տեղ չունեն հուսահատությունն ու
անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով եւ
ամուր ողնաշարով»,- ելույթի ավարտին ասաց Փաշինյանը:
Մնում է հուսալ, որ
մեզանում կամրապնդվի հանրային վստահության մթնոլորտը, եւ գործի կդրվեն համազգային
զարթոնքի ողջ եռանդն ու ներուժը` ի շահ համայն հայության մեծագույն երազանքի` Մայր
Հայրենիքի վերակերտման:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում մայիսի 7-ին
տեղի ունեցավ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման
միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Ըստ պաշտպանական կողմի, նա անհիմն է
գտնվում կալանքի տակ՝ իր քաղաքական հայացքների համար։ Պաշտպան Կարեն Մեժլումյանը
մասնավորապես նշեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել երկրում, եւ Անդրիաս
Ղուկասյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։ Դատախազ Պ.Պետրոսյանն առարկեց
միջնորդության դեմ՝ նշելով, որ չեն վերացել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը
փոխելու հիմքերը։ Այդ հայտարարությունից հետո դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, եւ ներկաներն
ամոթանքներ հնչեցրին դատախազի հասցեին։ Այդուհանդերձ՝ դատարանը բավարարեց կալանքը
փոխելու միջնորդությունը, եւ Անդրիաս Ղուկասյանը երկրից չբացակայելու
ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
…Ընդդիմադիր «Նոր
Հայաստան» շարժման անդամը մեղադրվում էր Սարի թաղի դեպքերի գործով՝ մասնավորապես
այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին, իբր, կազմակերպել է զանգվածային
անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության
(ՊՊԾ) գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել եւ խմբի անդամների հետ
շարունակել է պահել պատանդներին։ Ակնհայտորեն «սարքված» այս գործով տուժող էր
ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ էին:
Ընդդիմադիր գործիչը, բնական է, մեղադրանքը չէր ընդունել եւ պնդում էր, որ
ենթարկվում է քաղաքական հաշվեհարդարի։ Ըստ երեւույթին, իշխանությունները նրան
չներեցին սոցցանցերում շրջանառվող աղմկահարույց մի տեսանյութի համար, որը
բացահայտում էր ավելի քան 100 երիտասարդների կյանքեր խլած ապրիլյան պատերազմի որոշ
«մութ անկյուններ»: Հավանաբար՝ այդ հանգամանքը նկատի ուներ Անդրիաս Ղուկասյանի
պաշտպան Ինեսա Պետրոսյանը, երբ դատարանում՝ նախքան դատավճռի հրապարակումը, ասաց. «Ազատվել
ենք դահիճ նախագահից, դահիճ իշխանություններից, ուստի դատավոր Վարդան Գրիգորյանը
կարող է դառնալ այն մարդը, ով նախադեպ կստեղծի եւ քաղաքական հայացքների համար
դատապարտված անձին ազատ կարձակի»։
Տեղական ու միջազգային
քաղաքացիական կառույցները բազմիցս բարձրաձայնել ու արձանագրել են, որ
իշխանությունները «պատժում են» Անդրիաս Ղուկասյանին նրա քաղաքական հայացքների
համար: Այդ գնահատականները, սակայն, շարունակում էին անուշադրության ու
անտարբերության մատնվել ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաեւ նրանց հետ
համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից: Անդրիաս Ղուկասյանին ութ
այլ անձանց հետ ճիշտ նույն մեղադրանքն էր առաջադրվել, սակայն միայն Անդրիասը
ենթարկվեց քրեական հետապնդման, որի նկատմամբ խափանման միջոցը չէր փոխվում, եւ նա
մոտ երկու տարի մնաց անազատության մեջ: Ուշագրավ է, որ ՀՀ վերաքննիչ դատարանում
Ղուկասյանի պաշտպանի կողմից խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված
բողոքի քննության ժամանակ դատավորը հարց էր ուղղել, թե արդյո՞ք Անդրիաս Ղուկասյանը
ազատ արձակվելու դեպքում շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը: Եվ
ստանալով վերջինիս դրական հաստատուն պատասխանը, վերաքննիչ դատարանը որոշում էր
կայացրել չփոխել խափանման միջոցը՝ կալանքը: Եվ դրա փոխումը հատկապես 2018-ի մայիսի
7-ին՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համատեքստում, ինքնին ապացուցում է, որ
Անդրիաս Ղուկասյանն այսքան ժամանակ կալանքի տակ պահվել է իբրեւ քաղբանտարկյալ:
Մնում է հավելել, որ նա այդ կարգավիճակում միակը չէ:
Մեկնաբանեց
Գեւորգ Լալայանը
Bloomberg-ը գրում է, որ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երկրի
խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ՝ «վերջնականապես ավարտելով իշխանության գալու
ճանապարհը՝ իրեն սատարող զանգվածային փողոցային բողոքների ուժգնացող թափի
խորապատկերին, որը նա անվանում է թավշյա հեղափոխություն»: Պարբերականի փոխանցմամբ՝
երեքշաբթի օրը Ազգային ժողովի պատգամավորների քվեների 59 կողմ եւ 42 դեմ
հարաբերակցությամբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ՝ «այս անգամ արդեն շահելով
մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունից 13 անդամների վստահությունը
եւս»:
The Guardian-ն իր հոդվածում Հայաստանում տիրող իրավիճակի մասին
գրել է. «Թերթի հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ քաղաքական «մութ ուժերը»
փորձել են շեղել Հայաստանի խաղաղ հեղափոխությունը»: Նրա օգնականների խոսքով՝ Կարեն
Կարապետյանը, ով վարչապետ է եղել 2016թ. սեպտեմբերից մինչեւ անցյալ ամիս եւ մոտ է
կանգնած Ռուսաստանին, փորձում էր գաղտնի գործարքների մեջ մտնել տարբեր անձանց եւ
ուժերի հետ՝ նախորդ շաբաթ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին փուլի գործընթացը
խափանելու համար, ինչի պատճառով վերջինս մայիսի 1-ին վարչապետ չընտրվեց: «Որոշ
ուժեր փորձում էին մեզ ներքաշել քաղաքական առեւտրի մեջ՝ առաջարկելով դառնալ
վարչապետ, բայց ապահովել ու երաշխավորել գոյություն ունեցող համակարգի շարունակությունը»,-
թերթին ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր նպատակը վարչապետ դառնալը չէ, այլ
Հայաստանին իրական փոփոխություններ բերելը: Պարբերականը գրում է, որ «Փաշինյանի
մեջ որոշակի պոպուլիստական բան կա», եւ մեջբերում անցյալ ամիս Փաշինյանի հետ
ձերբակալված «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արարատ Միրզոյանի բնորոշումը, թե՝
«նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է»:
The New York Times-ի հոդվածագիր Նիլ ՄաքՖարքուհարը՝ ներկայացնելով
Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպումն ու նրա կենսագրությունը, նշում է, որ
«թավշյա» հեղափոխությունը Հարավային Կովկասում մոտավորապես 2.8 միլիոն
բնակչություն ունեցող այս փոքրիկ, ծովի ելք չունեցող երկրում ամենախոշոր
փոփոխությունն է 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախության հռչակումից
հետո: Շարունակության մեջ նա գրում է. «Եթե շատ հայերի համար առնվազն զարմանալի է,
որ մեկ գիշերվա ընթացքում իրենց երկիրը փոխակերպվել է, ապա պարոն Փաշինյանը դա
նկարագրում է որպես 20 տարի առաջ սկսված ճանապարհորդության գագաթնակետ»:
Հոդվածագիրն իր հերոսի պատմածների հիման վրա անդրադառնում է 2008-ի արյունալի
դեպքերին, ոստիկանությունից 16 ամիս թաքնվելու եւ 2009-ին ձերբակալվելու մասին՝
նշելով, որ նրա ներշնչանքի աղբյուրը Նելսոն Մանդելան է: Իսկ 1930-ականներին՝ ի
նշան բրիտանական հարկման դեմ բողոքի, Հնդկաստանի ողջ տարածքով քայլերթ իրականացրած
Գանդիի օրինակով Փաշինյանը շուրջ 120 մղոն (մոտ 193 կմ) քայլել է Գյումրիից մինչեւ
Երեւան: «Եթե մենք կարողացանք անել անհնարինը՝ նշանակում է հետայսու կկարողանանք
անել նաեւ դժվարինը»,- Փաշինյանի այս խոսքի մեջբերմամբ է իր հոդվածն ավարտել
ՄաքՖարքուհարը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը