ACNIS reView #17, 2018: Համաժողովրդական շարժումներ

 

Խմբագրական

Համաժողովրդական շարժումներ. 1988-ի եւ 2018-ի
տարբերությունները

ՄԱՅԻՍԻ 11 2018

 

 

«Թավշյա» կոչված հայկական հեղափոխությունը կամ, միգուցե,
ուղղակի  իշխանափոխությունը համեմատում են 1988-ի համաժողովրդական շարժման
հետ։ Երկուսն էլ ընթանում էին զանգվածային ակցիաներով, երկուսն էլ համազգային
զարթոնքի մեծ ալիք էին առաջ բերել։ Նմանություններն այդքանով վերջանում են։ Երկու
շարժումների էությունները տարբեր են եւ տարբեր մշակութաբանություն ու
աշխարհայացքներ ունեն։

 

Խորհրդային
Հայաստանի քաղաքացիները դաստիարակվել էին Շիրազի ու Պարույր Սեւակի 
պոեզիայով։ Նրանք այն հայրենասերներ էին, որոնք երազում էին Արարատի ու կորուսյալ
հայրենիքի վերադարձի մասին։ Ցեղասպանության սինդրոմի վրա մեծացած խորհրդային
սերունդները երազում էին ռեւանշի մասին, եւ կուտակված այդ էներգիան ժայթքեց
1988-ին։ Ադրբեջանում հայերի տեղային ջարդերը շատերն ընկալում էին որպես 1915
թվականի ցեղասպանության շարունակություն։

1988-ին
կար միայն մեկ համախմբող նպատակ՝ «Ղարաբաղը մերն է»։ «Միացում» եւ «Պայքա՛ր,
պայքա՛ր մինչեւ վերջ» կարգախոսները որեւէ աշխարհայացքային, պետականաշինության
խնդիրներ չէին պարունակում։ Դա բացառապես պատմական ռեւանշի հայտ էր։ Հանուն Արցախի
մարդիկ պատրաստ էին դիմանալ սովին, հանդուրժել կոռուպցիան ու
անօրինականությունները եւ, վերջապես, զոհվել։ Անգամ անկախության պահանջ դրված չէր,
իսկ եթե դա քննարկվում էր, ապա միայն Հայաստանի ու Արցախի միավորման համատեքստում՝
որպես այդ նպատակին հասնելու հնարավոր սցենար։ Կար մեկ գերնպատակ, իսկ մնացած ամեն
ինչ երկրորդական էր։

Շարժման
արդյունքում իշխանության եկած ուժերը մինչեւ 2018-ը շահարկում էին այդ հարցը։
Պատահական չէր, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը շարունակ հայտարարում էին, որ իրենք
կմնան իշխանության այնքան ժամանակ, մինչեւ լուծվի Արցախի հարցը, իսկ հանրային
ընդվզումների ժամանակ սպառնում էին սահմանում տիրող լարվածությամբ։ Արցախի հարցը
հանրությանը պատանդի կարգավիճակում էր պահում։ Ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի ու
Լեւոն Տեր-Պետրոսյանի, նույնպես շահարկում էր այդ խնդիրը, թե միայն Ադրբեջանին
զիջումների գնալով է հնարավոր լուծել անվտանգության ու տնտեսական հիմնախնդիրները։

Չնայած
1988-ի հանրության միակ «սոցիալական պատվերին», Հայաստանի ղեկավարությունը
1991-ին, հանրությունից ծածուկ, Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս (ԱՊՀ, իսկ հետագայում՝
ԵԱՀԿ-ին անդամագրման ժամանակ) եւ անգամ այդ հարցում ժողովրդական պահանջը չէր
կատարվել, սակայն շահարկումը շարունակվում էր։ Հանրությունը ապակողմնորոշված էր,
տեղեկացված չէր, որ Հայաստանի իշխանությունները՝ իրենց վերահսկողության տակ
պահելով Արցախը, դրա նկատմամբ իրավունքը զիջել էին Ադրբեջանին։

Ինչեւէ,
1988-ից հանրությունը մեկ պահանջ էր պատվիրակել իշխանությանը՝ Արցախը միացնել
Հայաստանին։ Այլ սոցիալական պատվեր ու «հանրային պայմանագիր» գոյություն չուներ։

 

2018-ի
շարժումը դեռեւս պետք է ռեֆլեքսիայի ենթարկել։ «Մերժիր Սերժին» կարգախոսը, բացի
կայացման կարեւորագույն սկզբունքից, այն է՝ հանրությանը խաբելու համար պատժի
ենթարկվելը, ունի նաեւ այլ բովանդակություն, որը դեռեւս պետք է ձեւակերպվի։ Մերժել
Սերժին՝ նշանակում է մերժել այն համակարգն ու փոխհարաբերությունները, որոնք
ձեւավորվել են վերջին 25 տարվա ընթացքում։ Այդ հարաբերությունների խորքային իմաստը
դեռեւս պետք է բացահայտել ու ձեւակերպել։ Դա ոչ միայն փոխհարաբերությունների այն
կանոններն են, որոնք Հայաստանը ճահիճի են վերածել, այլեւ՝ այդ հարաբերությունների
վրա հիմնված ինստիտուտները, որոնք պետք է RESTART արվեն: Մեկ բան հստակ է՝ մեզ նոր
սոցիալական պայմանագիր է պետք, իսկ Արցախի խնդիրը կարող է լուծվել միայն նոր
իրողությունների հիման վրա։ Այլեւս չի ստացվի հանրությանը մտավոր ծուղակների մեջ
գցել։

1988-ը
հիմնվում էր հին միֆերի ու պատկերացումների վրա, 2018-ը ջարդում է հինը՝ նոր
հարաբերություններ կառուցելու համար: