Վերլուծական
ՄԱՅԻՍԻ 12 2018
Հայաստանն
այս օրերին ապրում է հեղափոխությամբ։ Յուրաքանչյուր քաղաքացի օրվա ընթացքում
փորձում է չկտրվել լրահոսից՝ ակնկալելով այնպիսի փոփոխություններ, որոնք ինչ-որ
չափով կգոհացնեն իր սպասելիքները։ Հեղափոխության ընթացքն այլեւս հանցավոր
վարչախմբի տապալման այն գործընթացը չէ, որը փողոցներում եւ հրապարակներում մի քանի
շաբաթ ոտքի վրա էր պահում ժողովրդին։ Սա հասկանում են բոլորը։
Ակնհայտ
է, որ ժողովրդի կողմից նախորդ վարչախմբի տապալման, փողոցների եւ հրապարակների
արգելափակման եւ խաղաղ անհնազանդության մյուս գործողություններին արդեն փոխարինել
են նախկինում խնդիրներ հարուցած հիմնարկների առջեւ քաղաքացիների բողոքի ու
պահանջների գործնական ցուցադրությունները։ Հետզհետե բողոքի ու պահանջների այդ
ալիքը սփռվում է ամբողջ երկրով մեկ։ Բոլորի համար պարզ է, որ երկրում կատարվում են
ահռելի տեղաշարժեր։ Կա մեծ հանրային պահանջ՝ վերափոխելու պետական մեքենայի ընթացքը
դեպի լավը, արդարը, ազնիվը։ Քաղաքացիները գիտակցում են, որ այսուհետ ճանապարհ է
բացված իրենց խնդիրների լուծման համար։
Մարդիկ
վարչական ու տեղական ինքնակառավարման մարմիններից սկսել են պահանջել եղած
խնդիրների կոնկրետ լուծումներ։ Պետական մարմինների առջեւ քաղաքացիները հրապարակավ
բարձրաձայնում են տարիներ շարունակ պաշտոնատար անձանց թույլ տված չարաշահումների
ու կամայականությունների մասին` պատասխան պահանջելով այդ ամենի համար։ Համացանցում
ի հայտ են գալիս տարաբնույթ հանցանքների ու զանցանքների վերաբերյալ նորանոր
հրապարակումներ։ Փաստերի նման հոսքը ստեղծում է մի վիճակ, որի պայմաններում
պետական կառավարման մարմինները կորցնում են իրենց գործառնական ակտիվությունը։ Մի
կողմից ճնշող են տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմի ապագայի հետ կապված
անորոշությունները, մյուս կողմից` նախկին դրվածքները, հարաբերություններն ու
կապերը չեն թողնում հասկանալ, թե որն է նոր քաղաքական մշակույթը։ Եվ այդ ամենը`
ժողովրդական բողոքի ալիքի խորապատկերին: Տպավորությունն այնպիսին է, կարծես առկա
իրավիճակն ամեն պահի կարող է կաթվածահար անել պետական ապարատի գործունեությունը։
Այս
ամենի հետ մեկտեղ` կուտակվել են մարդկանց լրջորեն մտահոգող քաղաքական բազում
խնդիրներ։ Այսօր ինչ-որ չափով հստակ է, թե կոնկրետ որ հարցերում այլեւս նախկին
վիճակը չի կրկնվի։ Դրանք արձանագրված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 8-ին
ԱԺ-ում ունեցած ելույթում: Ըստ այդմ` նոր ձեւավորվող կառավարության գործունեության
առաջնահերթությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում լինելու են ազգային
համերաշխության մթնոլորտի ստեղծումը, Հայաստանում իրավունքի եւ օրենքի վրա հիմնված
ազգային միասնության հաստատումը: «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ,
Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, եւ վերջ: Ընտրությունների արդյունքներն
այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, եւ վերջ: Արհեստական տնտեսական
մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած
բիզնեսով, եւ վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, եւ վերջ:
Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու
կոռուպցիան, եւ վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն, եւ վերջ»,-
ընդգծել է ժողովրդի թեկնածուն:
Ինչպես տեսնում ենք, հստակեցված է այն խնդիրների
շրջանակը, որոնք ենթակա են կտրուկ փոփոխությունների։ Ուստի մարդկանց
մտահոգությունները կոնկրետանում են այլ դաշտում։ Ամեն նոր քայլ ու կադրային
նշանակում իրենց հետ բերում են նոր հարցադրումներ. «ինչո՞ւ հենց նա», «ինչպե՞ս է
փոխելու», «չի՞ շտապել արդյոք վարչապետը» եւ այլն: Սրանք հարցեր են, որոնք
անորոշության են մատնում հեղափոխության ընթացքն ու ապագան։ Ձեւակերպված խնդիրները,
անշուշտ, պետք է լուծվեն դրանց նկատմամբ նորանշանակ կադրերի կողմից ամենօրյա
սեւեռուն ուշադրության, ազդեցության եւ վերահսկողության միջոցով։ Կադրեր, որոնց
շատ պատասխանատու հանձնառություն է վստահված` օրինականության եւ իրենց
լիազորությունների շրջանակում իրականացնել արդյունավետ, մարդակենտրոն կառավարում`
վարչական լծակների ռացիոնալ օգտագործմամբ։ Նախկին աշխատաոճը, երբ ամեն չնչին հարցի
լուծում կախված էր «վերեւներից», երբեմն անգամ պետության առաջին դեմքի «բարեհաճությունից»,
այլեւս պիտանի չէ: Այդպիսի արատավոր գործելակերպին փոխարինելու է եկել օրենքի
շրջանակներում, սակայն սեփական նախաձեռնությամբ եւ ինքնուրույն որոշումների
կայացմամբ խնդիրները լուծելու հրամայականը։ Մասնավորապես` պետական ապարատը եւ,
ընդհանրապես, հանրությունը հենց այս դրվածքին է, որ տակավին պատրաստ չեն:
Հեղափոխությունը կանգնեցրել է բոլորին քաղաքական
նոր մշակույթի ընդունման անհրաժեշտության առջեւ։ Քաղաքացիները քայլ են արել հանուն
հեղափոխության, հանուն ապագայի։ Ու հիմա հեղափոխությունը պահանջում է, որ նույն
մարդիկ քայլ անեն օրենքով իրենց վերապահված լիազորություններն ու
պարտականությունները կատարելու համար։ Ժողովրդավարական, իրավական պետությունում
քաղաքացին պարտավոր է մշտապես ակտիվ լինել իր քաղաքական, քաղաքացիական եւ մյուս
բոլոր իրավունքների պաշտպանության գործում։ Պաշտոնատար անձինք, իրենց հերթին,
հանձնառու են արդարացի լուծում տալու իրենց վստահված ոլորտներում առկա խնդիրներին։
Այս իրավիճակը նոր, ուստիեւ խորթ է թե´ հանրության գերակշիռ մեծամասնության, թե´
պետական պաշտոնյաների համար։ Այստեղից է գալիս այն անորոշությունը, որն առկա է
հեղափոխության հետագայի առնչությամբ։
Իհարկե, ժամանակի ընթացքում ողջ հանրությունը
կհասկանա քաղաքական նոր մշակույթի էությունը։ Սակայն, տեսանելի է, որ «ինչո՞ւ հենց
նա», «ինչպե՞ս է փոխելու» եւ նման կարգի մյուս հարցադրումերը աստիճանաբար դուրս են
գալու հանրային դիսկուրսից, քանզի «թավշյա» հեղափոխությունը, առաջին հերթին,
մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխության արգասիքն է։ Այդ իսկ
պատճառով նոր մտածողությունից ու դրվածքներից հանրությունը չի կարող փախչել։
Հեղափոխությունը բոլորի մտքերում ու սրտերում է,
եւ այն պարտադրում է քաղաքական հարաբերությունների նոր մշակույթ։
Սարո Սարոյան