X
    Categories: 2018

ACNIS reView #17, 2018: Անդրիաս Ղուկասյանն առաջին «ծիծեռնակն» է

 

Ազատ ամբիոն

 

Ազգային
ժողովում կայացած ընտրությունների եւ «թավշյա» հեղափոխության հաղթանակի
տոնակատարությունների խորապատկերին, եւս մեկ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ:
Ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը:

Կա
վստահություն, որ մոտ ապագայում Հայաստանում քաղաքական բանտարկյալներ ընդհանրապես
չեն լինի: Ցավոք, այս գործն այնքան էլ արագ չի արվի, քանի որ անհրաժեշտ է
արմատապես փոխել Հայաստանի ամբողջությամբ փտած դատական համակարգը, որը մոտ մեկ
քառորդ դարի ընթացքում կառավարվել է մեկ կաբինետից եւ անկախ չի եղել:
Ազատությունից անմիջապես հետո Անդրիաս Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 8-ին 
հարցազրույց տվեց: Այնտեղ նա
պնդում է. «Դեռեւս հունիսի 13-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժումը նամակով դիմեց ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարին, որ կան ապացույցներ, թե որ կողմն է խախտել հրադադարը
ապրիլյան պատերազմի ժամանակ: Դա ադրբեջանական կողմն էր, այդ պահի դրությամբ
պաշտոնական տեղեկատվություն չկար, թե ով է հարձակվել ապրիլի 2-ին, առ այսօր Իլհամ
Ալիևը պատասխանատվության չի ենթարկվել։ Իմ նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր
դեռեւս 2016 թվականի հունիսի 20-ին»։

Այնուհետեւ
նա ասում է. «Մենք հրապարակել ենք այդ հայտնի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե
ինչպես են ադրբեջանական զինվորները ներթափանցում Արցախի ՊԲ թիկունք, մենք հարց
բարձրացրինք՝ կա՞ կոնկրետ պատասխանատու կողմ, որպեսզի այդ հանցագործությունն
անհետեւանք չմնա։ Տեսնում ենք, որ առ այսօր Հայաստանը որեւէ քայլ չի արել
Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, դա փաստ է»։

Նա
հաստատում է այն միտքը, որ արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը նույնպես
նույն պատճառաբանությամբ է բանտարկվել: Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո նա ուղղակի
մեղադրեց Սերժ Սարգսյանին դավաճանության եւ ծախվածության մեջ: 2016թ. ապրիլյան
պատերազմի թեման խորությամբ վերլուծվել է ՌԱՀՀԿ-ի կողմից դեռեւս 2017թ. վերջում՝ «
Արցախյան պատերազմը եւ
Հայաստանի արտաքին քաղաքականության անհամարժեքությունը
» աշխատությունում: Այնտեղ
ցույց է տրված, թե ինչու է Անդրիաս Ղուկասյանի հրապարակած եւ ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարին ուղարկած տեսանյութը Սերժ Սարգսյանի համար մինչեւ օրս այդքան
վտանգավոր: Եվ բացառապես ոչ այն պատճառով, որ նա ապացուցում է, որ Ադրբեջանն է
առաջինը սկսել հարձակումը Արցախի վրա: Մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչու Հայաստանի եւ
Արցախի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը լուռ էր, ինչու Յուրի Խաչատուրովը
տագնապ հայտարարելու փոխարեն հանգիստ իր համար բիլիարդ էր խաղում, ինչու էր բանակը
տեխնիկական խղճուկ վիճակում, որը բացահայտվեց միայն պատերազմից հետո, եւ շատ
ավելին: Միջադեպի իրական մեղավորները, ոչ միայն ադրբեջանական կողմից, այլեւ մեր
կողմից, այդպես էլ անպատիժ մնացին: Լավագույն դեպքում որոշ պաշտոնյաներ ազատվեցին
բանակից, իսկ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նույնիսկ առաջխաղացում ստացավ:
Երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների բոլոր վկաները, փառք Աստծո, ողջ
ու առողջ են: Դրանք են՝ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան, արտաքին գործերի
նախարար Էդվարդ Նալբանդյան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, գլխավոր շտաբի
պետ Յուրի Խաչատուրով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար
Լեւոն Մնացականյան: Որոշ հարցեր են առաջացնում նաեւ այդ օրերին ԱԺ պատգամավոր
Միհրան Պողոսյանի գործողությունները: Կասկած չկա, որ մի օր նրանք վկայություն կտան,
եւ Հայաստանի ու Արցախի հասարակությունները կիմանան, թե ով ինչ տեղ ունի 2016
թվականի այդ ռազմաքաղաքական պարտությունում: Իսկ մինչ այդ, ինչպես մարտի 1-ի
դեպքերի պարագայում, հարցերը մնում են:

Հույս
կա, որ երկրի նոր ղեկավարությունը չի թողնի, որ այս գործը մարի: Նշված հարցերի
պատասխաններն արդիական են, քանի որ անմիջականորեն ազդում են մեր բանակի մարտական
ոգու եւ պաշտպանունակության բարձրացման վրա: Համենայն դեպս՝ մինչեւ օրս ապրիլյան
պատերազմի փաստերի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մնում է արդիական:

 

Կարապետ Կալենչյան

 

Emma Jilavian: