Փոխվարչապետ. Կունենանք այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Լարսը փակ լինի

  • 25.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

14
 87

Կարող ենք արձանագրել ևս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համար: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` մատնանշելով, որ երեկ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ:


Ըստ Ավինյանի` կողմերը համաձայնություն են ձեռք բերել որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից:

«Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի:

Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»,- գրել է նա:


Օրերս VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ «առևտրային միջանցքների» գործարկման մասին վերջնական պայմանավորվածության ձեռքբերման հնարավորությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին: