- 24.05.2018
- Հայաստան
- arm
- rus
Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Փաստորեն 27-ից արդեն 3: Սպասում ենք ԵՄ մյուս երկրներին և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտության ողջ ներուժով»,- գրել է նա:
Նշենք, որ ապրիլի 11-ին Ազգային Ժողովը միաձայն վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը: Այն արտահայտում է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները:
Համաձայնագրում նաև առանձնահատուկ անդրադարձ կա ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը և շեշտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին աջակցելու անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա: