«Ամենաանպատրաստ գեներալը» նշանակվել է ԶՈւ-երի ԳՇ պետ. Արթուր Աղաբեկյանը մտահոգված է

  • 25.05.2018
  •  

  • Հայաստան
  •  

 93

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակումը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Արդեն կան դժգոհություններ: Մասնավորապես նշանակումից դժգոհ է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը:


Դավթյանին երկար ժամանակ ճանաչելով՝ Աղաբեկյանն անհանգիստ է եւ ահազանգում է նրա՝ չպատրաստված գեներել լինելու հանգամանքի վերաբերյալ:


«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե՛ բարեփոխումների եւ թե՛ կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները եւ մեծ ու փոքր պետերը», – այս մասին նշում է Արթուր Աղաբեկյանն ու ընդգծում, որ պարտավոր է հրապարակային բարձրաձայնել իր կարծիքը նորանշանակ Գլխավոր Շտաբի պետի նշանակման վերաբերյալ։


«Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ», – զգուշացրել է Աղաբեկյանը:


Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրող, «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն առնվազն տարակուսանք է հայտնում Փաշինյանի կադրային ընտրության վերաբերյալ: Նա վստահ է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի լավագույն թեկնածուն Օնիկ Գասպարյանն է, որն այժմ զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:


Հատկանշական է, որ ի սկզբանե հենց Օնիկ Գասպարյանի անունն էր շրջանառվում որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ամենահավանական թեկնածու: Լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը հենց նրան է ցանկացել նշանակել այդ պաշտոնում, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից: 

«Օնիկ Գասպարյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լավագույն թեկնածուն էր։ Իսկ ընդհանրապես, Արտակ Դավթյանին՝ 5-րդ կորպուսի հրամանատարին շտաբի պետի պաշտոնում նշանակելն առնվազն տարակուսանք է առաջացնում վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում տեղի ունեցածից հետո։ Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ», – տարակուսանք է հայտնում Էդիկ Բաղդասարյանը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը գեներալ-մայոր Արտակ Դավթյանն է: