ACNIS reView #19, 2018: Կրկին դժբախտ պատահար Արցախի Պաշտպանության բանակում

Ազատ ամբիոն

ՄԱՅԻՍԻ 25 2018

 

 

 

Մայիսի
20-ին անհայտ պայմաններում սպանվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող,
1999թ. ծնված Նորայր Համլետի Գրիգորյանը: Մահը վրա էր հասել մոտավորապես ժամը
11-ին, իսկ դրա պաշտոնական ծանուցումը հնչեցվել էր միայն 12 ժամ անց՝ ժամը
22:54-ին: Եվ կրկին՝ արդեն որերորդ անգամ, նույն ձեւակերպմամբ. «Դեռեւս չպարզված
հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել…»:

Շատ
հետաքրքիր է, որ սպանությունից 12 ժամ անց հանցագործությունը չի բացահայտվում, եւ
պաշտոնական վարկածը ներկայացվում է նման ուշացումով: Չէ՞ որ զորամասում զինվորը
միայնակ թափառական չէ ամայի անապատում: Նա միշտ շրջապատված է մարդկանցով: Արցախի
զորամասերում նման սպանություններ լինում են ամիսն առնվազն մեկ անգամ: Մենք
բազմիցս բարձրացրել ենք բանակում ինքնասպանության հասցնելու, հրազենի օգտագործմամբ
արյունալի հաշվեհարդարներ տեսնելու, հաշիվներ պարզելու, ոչ կանոնադրական
հարաբերությունների եւ «դեդովշչինայի» հարցերը: Հայաստանի պաշտպանության նախկին
նախարար Վիգեն Սարգսյանն այդպես էլ չարեց այն, ինչն իրենից պահանջվում էր:
Փոխարենը ներկայացրեց բարձրագոչ «ազգ-բանակ» համադրույթը, որով ենթադրվում է ողջ
պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա՝ կոչ անելով նրան պաշտպանել զինվորներին եւ
լինել հայրենասեր: Իրականում հայրենասիրությունը հայ ժողովրդի արյան մեջ է, ինչն
ապացուցվեց Արցախյան առաջին պատերազմում, երբ ողջ ազգը (նույնիսկ առանց բանակի)
պաշտպանում էր իր հողը նվաճողներից, ինչպես նաեւ՝ 2016-ի ապրիլյան քառօրյա
պատերազմում, երբ կրկին Հայաստանի եւ սփյուռքի համայն հայությունը կամովին կանգնեց
հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ Վիգեն Սարգսյանի ձեռամբ ժողովրդից
ամսեամիս գանձվող 1000-ական դրամներով վաղուց հնարավոր էր զինվորներին (նույնիսկ
անհարմար է սրա մասին խոսելը) ապահովել ներքնազգեստով, առաջին անհրաժեշտության
պարագաներով եւ համազգեստով: Ինչո՞ւ դա չէր արվել: Ի վերջո, Վիգեն Սարգսյանը դրա
համար ուներ բյուջետային բավարար միջոցներ, ուներ իշխանություն եւ ղեկավարման
զգալի ժամկետ` մոտ մեկուկես տարի: Այդ ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր
կառավարությանը հաջողվեց հիշյալ խնդիրները լուծել ընդամենը մեկ օրում: Վիգեն
Սարգսյանի գործունեությունը կամ, ավելի ճիշտ, անգործունեությունը այլ կերպ, քան
նենգադուլ, չես անվանի: Ի վերջո, մեր բանակի կենսագործունեության ամենաարդիական հարցերից
մեկը լուծվեց բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Ինչպե՞ս հաջողվեց զինծառայողների
ծնողներին ազատել լրացուցիչ նյութական ծանրաբեռնվածությունից՝ նրանց հորդորելով
չգնել զինվորական համազգեստ, բանակային կոշիկ, ներքնազգեստ, ատամի մածուկ եւ այլն:
Չէ՞ որ բանակում այդ կարիքների համար գումար միշտ եղել է: Միայն հայտնի չէ, թե ուր
էր հոսում այդ գումարը: Ինչո՞ւ էին զինվորներին բացարձակապես անորակ սննդով
կերակրում, որի հետեւանքները կարող էին ի հայտ գալ զորացրումից տարիներ անց:

Մեր
բանակը հիվանդ է եւ պետք է բուժվի: Այս հարցը վաղուց է հասունացել: Պետք է
հասարակական լսումներ անցկացնել բանակաշինության հարցերով՝ ուրվագծելով բանակում
ոչ կանոնադրական հարաբերությունների եւ կոռուպցիայի վերացման հստակ ուղիներ: Եթե
մեր ստվերային տնտեսությունը կրճատվի գոնե 50 տոկոսով, կկարողանանք զգալիորեն
ավելացնել բանակի կրտսեր, միջին եւ ավագ սպաների աշխատավարձերը՝ միաժամանակ
բարձրացնելով նրանց պատասխանատվությունը աշխատակազմի բարոյական վիճակի համար:
Նույնը ոստիկանությանն ու անվտանգության ծառայություններին է վերաբերում:

Իսրայելի
պաշտպանության բանակից օրինակ վերցնելու անհրաժեշտության մասին շատ է խոսվել:
Իսրայելը տարածքային առումով նույնպիսի փոքր երկիր է, ինչպիսին՝ Հայաստանը, եւ
շրջապատված է ոչ բարեկամական երկրներով: Այդտեղ երբեք բանակում «դեդովշչինա» չի
եղել: Ոչ կանոնադրական հարաբերությունների անգամ ամենաչնչին նշանի դեպքում
պատժվում են տվյալ զորամիավորման սպաները, իսկ զորամիավորումը կարող է լուծարվել:
Անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ Իսրայելը ԽՍՀՄ-ից ներգաղթյալների մեծ ներհոսք
ունեցավ, փորձ արվեց «դեդովշչինա» բերել բանակ: Միջադեպը բացահայտվելուց հետո
բոլոր մեղավորներն ուղարկվեցին բանտ: Հենց այդպես: Այնտեղ լավ են գիտակցում, որ
զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները հանգեցնում են բանակի
անմիջական փլուզմանը:

Այժմ
Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը հաջողվեց նոր կառավարություն ձեւավորել՝
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա կարողացավ աշխատանքում ներգրավել երիտասարդ,
խոստումնալից մասնագետների, որոնք չեն կաշկանդված որեւէ կոռուպցիոն սխեմաներով ու
պարտավորություններով: Կա վստահություն, որ բանակն ամենակարճ ժամկետում կարգի
կբերվի: Բայց չի կարելի լռել նաեւ մի լուրջ խնդրի մասին. ՀՀ-ում դատական ​​եւ
գործադիր իշխանության տարանջատմամբ՝ կառավարման ժողովրդավարական, ոչ կոռումպացված
համակարգը ոչ մի կերպ համահունչ չէ Արցախի կառավարման համակարգին, որտեղ մնացել է
անցյալի ժառանգությունը: Եթե ուզում ենք իրական փոփոխություններ՝ չենք կարող
անտեսել Արցախը, այլապես կստացվի՝ ինչպես «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը»
հայտնի առակում: Եվ առաջին հերթին անհրաժեշտ է փոխել Արցախի պաշտպանության նախարարին,
որպես Պաշտպանության բանակի անմիջական հրամանատարի: Սակայն դա, թերեւս, հնարավոր
չէ առանց չճանաչված երկրի կառավարման համակարգի արմատական փոփոխությունների:

 

Հ.Գ.
Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, ապրիլի 23-ին հաղորդագրություն տարածվեց եւս մեկ
դժբախտ դեպքի մասին. ՀՀ զինված ուժերի հարավարեւմտյան ուղղության զորամասերից
մեկում ապրիլի 22-ին սպանվել է շարքային Մարտին Խաչատրյանը: Մահվան հանգամանքները
չեն նշվում:

 

Կարապետ Կալենչյան

 

https://acnis.am/hy/ambion/19-2018