Վերլուծական
Հայաստանի
ժամանակավոր կառավարության ձեւավորման առաջին օրերից երկրում սկսեցին
քննարկումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներ գտնելու եւ ազատ
ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Պետական բյուջեի
հանդեպ նախկին իշխանությունների կատարած լայնածավալ մեքենայությունների մասին աճող
տեղեկատվական ալիքը ցնցում առաջացրեց հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիները
պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարելի է իրավիճակը շտկել պետական կառավարման
համակարգում, որը տասնամյակներ շարունակ թաղված է եղել համապարփակ կոռուպցիոն
սխեմաներում: Առայժմ նոր կառավարությունը խոստանում է միայն հասարակության դատին
ներկայացնել բյուջետային միջոցների յուրացումների հետ կապված կոնկրետ փաստեր, եւ
այդ միջոցները վերադարձնել բյուջե:
Սակայն
երկրի խնդիրը միայն բյուջետային կողոպուտները չեն: Կապիտալի եւ քաղաքականության
ամբողջական սերտաճումը պետության համար այլ՝ ոչ պակաս վտանգավոր հետեւանքներ ունի:
Պետական բյուջեն ոչ միայն թալանվում է, այլեւ անհրաժեշտ ծավալով կազմավորվելու
հնարավորություն չունի տնտեսվարող սուբյեկտների՝ բարձր չափերի հասնող ստվերային
տնտեսական գործունեության պատճառով: Այդ սուբյեկտները գործում են զարգացած
ստվերային մեխանիզմների շրջանակում՝ գերշահույթ ստանալով եւ ստվերային հարկեր վճարելով
իշխանական բուրգի վերեւներին: Այդ ֆինանսական հոսքերի սկիզբը եւ վերջը միանգամից ի
հայտ բերելը գրեթե անհնար է:
Բայց
կարելի է այլ բան ի հայտ բերել. վերը նկարագրված իրավիճակը երկրում սեփականության
չպաշտպանվածության հետեւանք է: Երբ սեփականությունը պաշտպանված չէ, այն
պաշտպանելու միակ ուղին պետական իշխանության լծակները յուրացնելն է: Սա այն է,
ինչին ավելի քան երկու տասնամյակ ականատես էինք Հայաստանում: Իսկ իշխանության
բռնազավթումը հանգեցնում է անխուսափելի հետեւանքների`արդարադատության վերացման եւ
ազատ ընտրությունների մեխանիզմի կաթվածահարության: Հայաստանում հենց այս պատկերն
ենք տեսնում: Ճիշտ է՝ ժողովուրդը վիժեցրեց բոլոր այն ստվերային կապերը, որոնք
պահում էին նման քաղաքական վարչակարգը, սակայն միամտություն կլինի կարծել, թե
առանց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների՝ այս պատկերը կարող է
փոխվել:
Հարց
է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանում սեփականությունը մինչեւ հիմա չունի պաշտպանության
մեխանիզմներ: Պատասխանը պարզ է՝ հասարակությունը չի ճանաչում այդ սեփականության,
եւ առաջին հերթին՝ խոշորի, օրինականությունը: Խոշոր սեփականությունը ձեռք է բերվել
անօրինական ճանապարհով՝ այն ուղղակի զավթվել է երկրի քաղաքացիներից: Եվ բնական է,
որ քաղաքացիները չեն ճանաչում դրա օրինականությունը: Բնական է նաեւ խոշոր
սեփականատերերի՝ իշխանության բռնազավթման միջոցով հասարակության պահանջներից պաշտպանվելու
ձգտումը: Շրջանն այդքանով էլ փակվում է: Բայց դրանով սեփականությունը պաշտպանված
չի դառնում: Եվ խնդիրն ահա թե որն է:
Սեփականությունից
եւ պետական իշխանություն ձեւավորելու հնարավորություններից զրկված հասարակությունն
ակամայից պատրաստակամ է մշտապես աջակցել ցանկացած իշխանավորի ջանքերին, որը
ոտնձգություն է կատարում ուրիշի սեփականության վրա: Եթե խոշոր սեփականատերը
հակադրվում է իշխանավորին՝ դրանով վտանգի տակ դնում է իր սեփականությունը: Այդ
սեփականությունը հեշտությամբ վերցնում են՝ ունեզուրկ քաղաքացիների «ծափերի» ներքո:
Այսինքն՝ քաղաքականությունից եւ յուրացված ազգային հարստությունից մեկուսացված
հասարակությունը վերածվում է «վերեւներում» սեփականության հերթական զավթողի
դաշնակցի: Այսպիսով՝ իշխանության եւ խոշոր սեփականատերերի հանդեպ հասարակության
ժխտողական վերաբերմունքը դառնում է «կլանային-օլիգարխիկ» համակարգում ներիշխանական
հեղաշրջումների եւ սեփականության վերաբաշխման հիմնական պայմանը:
Վերը
բերված փաստարկները թույլ են տալիս կառուցել սեփականության չպաշտպանվածության
ալգորիթմը, այն է`
- խոշոր
սեփականատերերը յուրացնում են հասարակության իշխանությունը եւ
սեփականությունն օգտագործում՝ հասարակությանը իշխանության ձեւավորման
մեխանիզմներից հեռացնելու գործում; - հասարակությունը
խոշոր սեփականատերերի մեջ տեսնում է իր քաղաքական հակառակորդներին, որոնք
իրեն հեռացնում են օրինական իշխանության ձեւավորման մեխանիզմից; - սեփականությունից
զրկված հասարակությունը հակված չէ ճանաչել սեփականության օրինականությունը եւ
հակված է աջակցել սեփականության վերաբաշխման ցանկացած ջանքի:
Այս
ողջ ալգորիթմի մեջ հիմնական հանգամանքն այն է, որ հասարակությունը հակված չէ
օրինական ճանաչել «վերեւից ստացված» սեփականությունը: Սա բավարար հիմք է որեւիցե
մեկի կողմից սեփականության մշտական վերաբաշխման համար: Սեփականությունը միշտ էլ
քաղաքական գործընթացների թիրախ է դառնում:
Հիմնական
եզրակացությունը կարող է լինել հետեւյալը. սեփականությունը կարող է ստանալ
պաշտպանվածության բավարար երաշխիքներ, եթե հասարակությունը պաշտպան կանգնի
սեփականությանը: Այսինքն՝ սեփականության պաշտպանության երաշխիքները կարող են ծնվել
հասարակության մեջ եւ ոչ թե իշխանության:
Բայց
հասարակությունը կարող է սեփականությանը պաշտպան կանգնել, եթե սեփականատիրոջ մեջ
տեսնի ոչ թե թշնամու, այլ արդարացի կենսակերպի կարգավորման դաշնակցի: Ուրիշ ոչ մի
բան չի կարող միավորել ունեզուրկին ունեւորի հետ: Կոնկրետ արտահայտությամբ՝ սա
պահանջում է պետական իշխանության ձեւավորման գործում սեփականատերերի դիրքորոշման
արմատական փոփոխություն, որը կարող է պաշպանել հասարակության շահերը:
Ժամանակակից սեփականատերերի համար, որոնք
կուտակել են իրենց ունեցվածքը՝ հենվելով իշխանության վրա, դեռեւս հեշտ չէ հասկանալ
այս տրամաբանությունը: Իրապես, սեփականատերերի համար հեշտ չէ հասկանալ, որ
հասարակության հետ կաշառքի լեզվով խոսելու եւ իշխանության ձեւավորման
մեխանիզմներից հասարակությանը հեռացնելու փոխարեն շատ ավելի ձեռնտու է
հասարակության հետ համագործակցել ընտրովի իշխանության ձեւավորման հարցում եւ
անցնել ֆինանսական հնարավորությունները հասարակության հետ կիսելու գործելակերպին:
Անշուշտ, սեփականատերերը կարող են մի օր
գիտակցել, որ սեփականության պաշտպանության հարցը պետք է շաղկապել ոչ թե
իշխանության, այլ հասարակության հետ փոխհարաբերություններով: Գիտակցել, որ
սեփականությունը պետք է դուրս բերել քաղաքական գործընթացների դաշտից՝ քաղաքական
հնարավորությունները փոխանցելով հասարակությանը: Սեփականության պաշտպանության
դիմաց «հարկ» պետք է տրվի ոչ թե բարձրագույն իշխանությանը, այլ հասարակությանը`
հանրային ժխտողականության սլաքները սեփական անձից իշխանության կողմը թեքելով:
Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե օրինական
իշխանության ձեւավորման գործում սեփականատերերը դառնում են հասարակության
դաշնակիցներ, ապա սեփականության վերաբաշխման գործում իշխանությունը
դառնում է անզոր, քանի որ իշխանության նման մտադրությունների
դեպքում հասարակությունը կպաշտպանի սեփականատերերին՝ նրանց մեջ տեսնելով իր
բարեկեցության աղբյուրին եւ քաղաքական ու տնտեսական իրավունքների պաշտպանության
հարցում իր դաշնակիցներին: Դա կլիներ հասարակության ունեւոր եւ
ունեզուրկխավերի առաջին համատեղ շահի ձեւավորման սկիզբը՝
այն շահի, որն առկա է ունիվերսալ իրավական պաշտպանության համակարգ ստեղծելու
գործում:
Սույն հոդվածում բերված վերլուծությունը թույլ է
տալիս պնդել, որ Հայաստանի առանցքային խնդիրը սեփականության պաշտպանության ծրագրի
իրականացումն է եւ կապիտալի թելադրանքից քաղաքականության ձերբազատումը: Սա կարելի
է անել մի շարք օրենքների ընդունմամբ, որոնք կկարգավորեն տնտեսական եւ քաղաքական
գործունեությունը: Տնտեսական համաներումը՝ խոշոր սեփականատերերի կողմիցհասարակությանը փոխհատուցման
հարկի վճարման պայմանով, պետությունը կարգավորելու
ամենաարդյունավետ միջոցն է: Դեպի պետական կառավարման համակարգ գործարարների
ճանապարհը փակող՝ Կուսակցությունների մասին օրենքի զուգահեռ ընդունումը երկրորդ
փակագիծն է, որը բաժանում է քաղաքական աշխարհը կապիտալի աշխարհից: Մնացած ամեն
ինչը պետության մեջ կկարգավորվի «դոմինոյի սկզբունքով»:
Մանվել Սարգսյան
https://acnis.am/hy/analysis/19-2018