ACNIS reView #20, 2018: Փոթորիկ մի բաժակ ջրում

Ազատ ամբիոն




ՀՈՒՆԻՍԻ 1 2018

 

 

 

Անցյալ շաբաթ ամբողջ հայ ժողովուրդը
հանդիսավորությամբ նշեց Առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակը:
Տոնակատարություններն ավանդաբար անցկացվեցին Սարդարապատում, որտեղ հարյուր տարի
առաջ տառապյալ հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ եւ հաղթեց թուրքական բանակին: Սակայն,
ինչպես ռուսներն են ասում, «մեղրի տակառում մի գդալ ձյութ» գտնվեց: Ազգային ժողովի
Հանրապետական խմբակցության անդամները մեծ աղմուկ բարձրացրին, որ իրենց չէին
հրավիրել Սարդարապատում այդ հոբելյանը նշելու համար:

«Մայիսի 28-ը համազգային եւ համապետական տոն է, եւ ես
անհեթեթ եմ համարում օրենսդիր մարմնի ղեկավարներին միջոցառմանը չհրավիրելը»,- 
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ
Շարմազանովը` նշելով, որ Սարդարապատում Առաջին Հանրապետության 100-ամյակի
միջոցառումներին հրավիրվել է ԱԺ 13 պատգամավոր, որոնցից միայն երեքն էր ՀՀԿ-ից:
Նրան արձագանքել է նույն խմբակցության պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Արմեն
Աշոտյանը: «Այսօրվա տոնը որեւէ մեկի սեփականությունը չէ, որեւէ մեկի «դասարանի
քեֆը» չէ, որեւէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ… Զարմանալի է, երբ
իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա հանդիսություններին
ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։ Ու ցավոք, դրսեւորված միտումնավոր
մոտեցումը հակասում է թե՛ օրվա խորհրդին, թե՛ միասնականության, թե՛ «սիրո ու
համերաշխության» կոչերին»,- նշել է Աշոտյանը:

Այսպիսով՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող օրենսդիր
իշխանությունն առաջին անգամ հրապարակավ հանդես եկավ ընդդեմ գործադիր իշխանության:
Եվ սա գովելի է, քանի որ վերջապես ականատես ենք լինում օրենսդիր եւ գործադիր
իշխանությունների իրական տարանջատմանը: Առաջին անգամ խորհրդարանական
մեծամասնությունը հանդես է եկել որպես գործադիր իշխանության իրական հակառակշիռ:
Իսկ ինչո՞ւ դա տեղի ունեցավ միայն նորերս, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ
իր երիտասարդ թիմի հետ: Ինչո՞ւ նման բան տեղի չէր ունենում առնվազն վերջին քսան
տարիների ընթացքում, երբ օրենսդիր մարմինը անվերապահորեն, առանց մտածելու քայլերի
հետեւանքների մասին, ընդունում էր այն որոշումները, որոնք ստորագրման համար
ներկայացվում էին գործադիր իշխանության կողմից՝ ի դեմս ՀՀ նախագահի: Սրա մասին
արժե մտածել:

Երբ բազմաթիվ սահմանադրություններ էին գրվում հօգուտ այս
կամ այն նախագահի, ԱԺ-ն իր մեծամասնության կազմով երբեք ձայն չէր հանում: Երբ
Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարության գործադիր
իշխանության մարմինը մշակեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության
մասին» օրենքը, խորհրդարանական մեծամասնությունն անխոս «կողմ» քվեարկեց: Արդյո՞ք
այս օրենքն ընդունելիս՝ նրանք մտածում էին պետության շահերի մասին, կամ գիտակցում
էին, որ այդ տեսքով օրենք ընդունելով, ո՛չ խորհրդարանի նախագահը, ո՛չ էլ երկրի
նախագահը Խորհրդի անդամ չեն լինելու: Խորհրդի մյուս բոլոր անդամներն ապագա
վարչապետ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ էին աշխատելու՝ Անվտանգության խորհրդի
քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային
անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, բանակի գլխավոր շտաբի
պետը: Փաստացի՝ տեղի էր ունենում իշխանության լիակատար յուրացում Սարգսյանի
կողմից: Նա էր որոշում ողջ երկրի եւ համայն հայության ճակատագիրը: Իսկ եթե ինչ-որ
տեղ «սխալվե՞ր»: Ո՞վ էր այդ դեպքում պատասխանատվություն կրելու: Արդյոք
շարմազանովներն ու աշոտյանները մտածո՞ւմ էին դրա մասին: Ուրեմն՝ ինչո՞ւ այն
ժամանակ նրանք աղմուկ չէին բարձրացնում եւ չէին ասում, թե ինչպես կարող է
Անվտանգության խորհուրդը լինել առանց երկրի նախագահի եւ ԱԺ նախագահի: Որտե՞ղ էին
նրանք, երբ Մարտի 1-ի իրադարձությունների խնդրով ստեղծված հանձնաժողովի
արդյունքները «ջրվեցին», երբ 2016թ. ապրիլյան 4-օրյա պատերազմի հետեւանքով
կորցրինք հարյուրից ավելի զինվոր եւ զգալի տարածք: Ո՞վ պետք է պատասխան տար այս
հարցում: Ինչո՞ւ նրանք չասացին, որ մեզ ժողովուրդն է ընտրել, եւ մենք իրավունք
ունենք պահանջելու գործերի անաչառ քննություն:

Վերադառնանք
թեմային: Նույնիսկ եթե Աշոտյանն ու Շարմազանովը պաշտոնապես չէին հրավիրվել, թող
նրանք գնային այդ տոնին եւ կանգնեին հայ ժողովրդի կողքին` որպես շարքային
քաղաքացիներ: Ի վերջո, նրանք այդ ժողովրդի ներկայացուցիչներն են եւ «ընտրված են
ժողովրդի կողմից», ինչպես իրենք են սիրում ասել: Թող նրանց տեսնելով ժողովրդի մեջ,
Փաշինյանն ամաչեր եւ հրավիրեր ամբիոն, ներողություն խնդրեր թույլ տված սխալի
համար: Բայց կարո՞ղ են արդյոք նման քայլի գնալ ՀՀԿ-ականները, որոնք այնքան են
ժողովրդից կտրված, որ նույնիսկ հիմա՝ նոր կառավարության աշխատանքից քսան օր անց,
պատշաճ պատկերացում չունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում երկրում:

Խորհրդային
Միության փլուզումից հետո կոմունիստական կուսակցությունը չլուծարվեց ու
չդատապարտվեց խորհրդային շրջանում թույլ տված հանցագործությունների համար: Միգուցե
եթե դա տեղի ունենար, ՀՀԿ-ն (ըստ էության, Հայաստանում կոմկուսի իրավահաջորդը)
նման հրեշավոր հանցանքներ չգործեր սեփական ժողովրդի եւ հայրենիքի հանդեպ:

 

Կարապետ Կալենչյան

 

 

https://acnis.am/hy/ambion/20-2018