- 27.06.2018
- Հայաստան
- arm
- rus
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
– Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երևանի ավագանու անդամ։
– Մենք ևս ունենք այդպիսի տեղեկություններ, և, դատելով իրավիճակից, կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Մի քանի տարբեր հանգամանքներով է դա բացատրվում, և նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը կարծում եմ դրա մասին է վկայում, ինչպես նաև բոլոր այն տեսանյութերը, քրեական գործերը, որոնք հարուցվել են քաղաքապետի, կամ քաղաքապետի մերձ կազմակերպությունների վերաբերյալ։
– Այսինքն՝ Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։
– Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որ պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։
Մինչդեռ այս հարցազրույցից հետո Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտարարել է, թե նման տեղեկատվություն չկա, և ինքը չի հաստատում այդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը: Գևորգյանը նշել է, որ այսօր Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ, իսկ երեկ նա ավագանու նիստը չի վարել վատառողջ լինելու պատճառով:
Ավելի վաղ VERELQ-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել և այն, հնարավոր է, հրապարակվի մինչև կառավարության հինգշաբթի օրը կայանալիք նիստը: Տարոն Մարգարյանը մի քանի օր է չի ներկայանում աշխատանքի: