- 27.06.2018
- Հայաստան
- arm
Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայ Դեմոյանին կոչ է անում սթավել եւ լրջանալ։ Նախարարը նշում է, որ Հայկ Դեմոյանի Ֆեյսբուքյան գրաառումը, որը կոշտ որակումներ է պարունակում իր եւ փոխնախարար Հովհաննես հովհաննիսյանի հասցեին, չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա սպառնացել էր ԿԳ նախարարին ու փոխնախարարին նոր բացահայտումներ կատարել նրանց վերաբերյալ։ Դեմոյանն ասել էր, որ պարացնելու է նրանց, նաեւ կոչ էր արել «չհաբռգել»:
Արայիկ Հարությունյանի խոսքով, Դեմոյանն արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի։ «ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, իսկ պարոն Դեմոյանը արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում», – նշել է նա ու հավելել, որ գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:
«Այսինքն մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը», – ասաց նա՝ հավելելով Դեմոյանը ինստիտում աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում:
Նախարարը նաեւ ոորոշակի մանրամասներ ներկայացրեց Ցեղասպանության ինստիտուտում տիրող իրավիճակի մասին։ «Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ ըստ էության եկել եւ տնօրենի սենյակում է բազմել», – ասաց նա՝ տեղեկացնելով, որ Դեմոյանին զգուշացել են այդ ներխուժման հակաօրինական լինելու մասին։
Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»:
«Հակաօրինական է եւ շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն: Մեզ նամակներ եղան, եւ մենք գնացինք ինստիտուտ ու հանդիպեցինք անձնակազմի հետ: Մենք խնդիրների մասին ենք հարցրել եւ որեւէ հարց բացի ֆինանսական փոխանցումների մասին, չի հնչել», – ասաց նա՝ նշելով, որ սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են:
«Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որեւէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում», – ասաց նախարարը՝ նկատելով, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտը ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գեւորգ Վարդանյանը։ Հետագայում, նշում նախարարը, տեղի կունենա նաեւ ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով: «Առաջիկայում կառավարության նիստում թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն կնշանակվի», – ասաց նա:
Նշենք, որ նախարարի մեկնաբանություններին ի պատասխան Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել facebook-ի իր էջում եւ հինգ հարց ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։
«1. Ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:
2․ Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից:
3․ ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:
4․ Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:
5․ Պատրաստ եք արդյո՞ք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար», – հարցնում է Դեմոյանը: