- 28.06.2018
- Հայաստան
- arm
- rus
Ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձվի նախագահի աշխատակազմին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նիստում քննարկվեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ արդարադատության նախարարի՝ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրերն են Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1-ը:
Փաշինյանն ասաց, որ այս հարցը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացրել, իրենց անգամ հիշեցնում են, թե ինչ են ժամանակին քննադատել: Ըստ Փաշինյանի՝ տարօրինակ իրավիճակում են հայտնվել, քանի որ վարչապետը երկու շենքում է տեղակայվում.
«Տվյալ որոշումը ընդունում ենք օրենքի պահանջը կատարելու համար: Ուզում եմ արձանագրել, որ ժամանակի ընթացքում այն կվերադարձվի նախագահի աշխատակազմին: Ներկայումս արարողակարգային խնդիր կա լուծելու, օրակարգային պարտականություններ կան և, քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ: Բայց այն, ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք. հարցերին ոչ թե աձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ», – հավաստիացրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կուսումնասիրեն, թե ինչպես կարող են այդ խնդիրը լուծել: Բայց իր համար կառավարության շենքում աշխատելը հարմարավետ է, այնպես որ հետագայում դա կառավարության որոշումներով կարձանագրեն և վարչապետը կունենա մեկ նստավայր: