Verelq: Վաչագան Ղազարյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

  • 28.06.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 123
Լուսանկարում Վաչագան Ղազարյանն է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ.-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:


Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, 27.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


28.06.2018թ.-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:


Ղազարյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:


Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչո) եւ իր կինը` Ռուզաննա Բեգլարյանը, պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Այսպիսով՝ Վաչագան Ղազարյանը, որպես շարժական գույք հայտարարագրել է մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում, 6 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ: Որպես շարժական գույք Ղազարյանը հայտարարագրել է «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշի ավտոմեքենա:


Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Վաչագան Ղազարյանի դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ, 9 500 դոլար, 12 500 եվրո: Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը դադարեցնելու օրը Ղազարյանը ունեցել է 2 մլն 520 հազար 773 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:


Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, շարժական եւ անշարժ գույք, ըստ հայտարարագրի չունի: Նրա դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ, 29 հազար դոլար եւ 17 հազար 400 եվրո: Ռուզաննա Բեգլարյանի եկամուտները կազմել են 3 մլն 240 հազար դրամ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:


Հիշեցնենք, որ երեկ Վաչագան Ղազարյանին բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում, նա ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ:


Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել`տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ: Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ»: Գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՔԾ: