Verelq: Մամուլ. Սաշիկ Սարգսյանի որդու «կրիմինալ բուկետը». նոր քրգործ, թիկնապահը փորձում է մաքրվել

  • 17.07.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

67
 1512

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի դեմ հերթական քրեական գործն է հարուցվել 49-ամյա մի տղամարդու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար: Ինչպես այս, այնպես էլ նախորդ քրեական գործով շրջանառվում է նաեւ Նարեկի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի անունը: Նարեկը գտնվում է հետախուզման մեջ, իսկ Պետրոսյանը վերջերս ժամանել է Երեւան, հանձնվել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, պնդել է, թե նա որեւէ առնչություն չունի արարքի հետ, որում մեղադրվում է: Ըստ Արսենյանի` հունիսի 22-ին Սարգսյանն ու Պետրոսյանը մեկնել են Մոսկվա: «Մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Այս ամենը լսելով` Արտեմ Ասատրյանը վիճում է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել: Վերջիններս վիճաբանում են, որից հետո Արտեմը թողնում է, հեռանում է Նարեկ Սարգսյանից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանին չկարողացավ իր կազմից քաղաքապետ։ ընտրել, եւ այսպիսի սցենարում ամենահավանակնն իհարկե արտահերթ ընտրություններն են: Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, առայժմ կարծես ուրվագծվում են միայն ԲՀԿ թեկնածուի անունը. ավագանու ցուցակը կարող է գլխավորել Նաիրա Զոհրաբյանը: «Ելք» դաշինքի պարագայում ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Նախ դեռ որոշված չէ, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին՝ դաշինքը նույն կազմո՞վ, թե՞ կուսակցություններն առանձին, առավել եւս, երբ հիմա առավելությունը Փաշինյանը ՔՊ-ինն է: Միաժամանակ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում՝ իրավիճակը մի փոքր բարդ է. նրանք երեք թեկնածու են դիտարկում այս պահին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան (նրա պաշտոնը հակասահմանադրական է եւ չեն ցանկանում իրեն միայնակ թողնել), մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն է, ով դեռ վաղուց էր համարվում նրանց թեկնածուն, եւ իհարկե Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ով վերջերս անդամակցեց ՔՊ-ին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, Երեւանի ավագանու երեկվա նիստը չկայացավ, ուստի նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ: Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չի շտապի ավագանու լիազորությունները դադարեցնել եւ կօգտվի օրենքի ընձեռած առավելագույն ժամկետներից: Դա վերաբերում է նաեւ արտահերթ ընտրություններ նշանակելու օրենսդրական ժամկետներին՝ 30–40 օր: Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, որպես արտահերթ ընտրությունների օր կառավարությունը կնշանակի սեպտեմբերի 9–ը (կիրակի): Սա փաստացի առաջին հերթին թույլ է տալիս քաղաքական առումով մեռյալ օգոստոսին հնարավրինս քիչ օրեր թողնել քարոզարշավի համար, իսկ քարոզարշավի ամենաթեժ շրջանը «գցել» սեպտեմբերի սկզբին, երբ հանգստի մեկնածներն արդեն վերադարձած կլինեն, հետո՝ հանդիպումների համար այդքան էլ շոգ չի լինի: Տեսականորեն չի բացառվում, որ կառավարությունը ընտրության օր սահմանի ոչ շաբաթ–կիրակի որեւէ օր, սակայն դրա համար հարկավոր է այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային, սակայն հազիվ թե գործադիրը գնա նման «շռայլության», քանի որ անհասկանալի կլինի արհեստական ոչ աշխատանքային օր սահմանելը, երբ հանգիստ կարելի է տեղավորվել օրենսդրորեն սահմանված ժամկետների մեջ»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր՝ լավ կամ վատ, բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են: Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում: Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն»,- ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ Գրիգորյանին է այցելել նաև Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը․ նա ԱԱԾ է գնացել կոստյումով, թիթեռնիկով (բաբոչկայով)։ ԱԱԾ-ում ասել են՝ թերևս բաբոչկան հանեք, բժիշկն ասել է․ «Ոչ, ես միշտ այսպես եմ իմ հիվանդներին այցելում, չեմ կարող»։ Ապա ԱԱԾ-ի բժշկի հետ այցելել է գեներալին։ Ավետյանը գրել է եզրակացություն և համարել, որ իր հիվանդի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության հետ։ Մեր տեղեկություններով, այս օրերին խորհրդարանի ղեկավարությունը (ասացին՝ Բաբլոյանը) ևս պատրաստվում է այցելել Գրիգորյանին, ապա հնարավոր է՝ որպես բժիշկ, խնդրի փոխել նրա խափանման միջոցը։ Առաջարկ կա տանել «ՑեԲե»՝ դատապարտյալների հիվանդանոց, սակայն Մանվելի կողմնակիցները չեն ցանկանում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կարող են «վնասել» գեներալին։ Ի դեպ, օրեր առաջ Գրիգորյանին այցելած Վահրամ Բաղդասարյանն այցելել է նաև մյուս գեներալին՝ Վաչիկ Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին։ Հարցին, թե ինչպես էր, ասել է․ «Դե, նորմալ, ո՞նց պիտի ըլներ»»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչը առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին: Այդ թեման նոր կառավարության պաշտոնյաների համար մտահոգիչ է այնքանով, որ նրանցից շատերը չեն ծառայել բանակում, և առաջիկայում հնարավոր է այդ փաստը ջրի երես դուրս գա: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` թավշյա հեղափոխության արդյունքում պաշտոններ ստացած երիտասարդները այս հարցը քննարկում են իրար հետ, սակայն ոչ բարձրաձայն, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ չեն համարձակվում այդ մասին խոսել»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սևանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արևայրուքը)։ Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական վերահսկողության մեխանիզմներ՝ փոխարինելով պետական ապարատին։ Իրավիճակը լարված է հատկապես Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում, որտեղ նիկոլականները գործեր հավաքելու, բոլորի նկատմամբ հսկողություն սահմանելու գործընթացներ են սկսել և իրենց ծանոթ-մտերիմներին հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք»։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը Սյունիքի մարզում հայտարարում էր, թե բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից։ Երևի արտաքին աշխարհի ականջի համար էր ասում»:


 


«Հրապարակ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին: Լրատվականի աշխատողների ականջին սիրո եւ համերաշխության խոսքեր շշնջալով՝ ղեկավարությունը սկսել է ազատվել նրանցից: «Օրակարգի» տնօրեն Արտակ Հերիքյանից եւ քաղաքական-վերլուծական ծրագրերի ղեկավար Հարություն Հարությունյանից հետո հերթը հասել է լրագրողներին: Մեկ խմբագիր ազատվել է, 5-6 լրագրողի ասվել է, որ դիմում գրեն: «Հիմնավորում չկա, ասում են՝ կրճատումներ են»: Աշխատանքը կորցրել են նաեւ 3 մոնտաժող, չնայած նախկին կազմը հազիվ էր հասցնում գործը: Մեզ պատմեցին, որ մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ են գտել: «Լրագրողներին թերթիկներ են բաժանել, որ 5 բալի սահմաններում գնահատեն մոնտաժողների աշխատանքը: Ով քիչ միավոր է հավաքել, դուրս է մնացել: Ստացվում է՝ մոնտաժողին վատություն է արել ոչ թե ղեկավարությունը, այլ իր հազար տարվա գործընկերը»: Ազատված աշխատակիցները վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ: Նկատենք, որ եթե Հայաստանի սահմանամերձ շրջաններից, օրինակ, Տավուշում երբեմն հաճախակիանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նույնը չես ասի Գեղարքունիքի մարզի մասին. այստեղ անհամեմատ հանգիստ է վիճակը: Ու հիմա Ջիլ գյուղում հնչած կրակոցներից հետո Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այդպես էլ դեպքի վայր չի այցելել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր քայլը մեկնաբանել է, թե մեկ շաբաթ առաջ եւս նման դեպք է գրանցվել, եւ որ կատարվածը որքան էլ մտահոգիչ է, բայց եւ վախենալու կարիք չկա: «Դեպքի վայր չեմ այցելել, որովհետեւ դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի: Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա»,- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ վերջին անգամ Գեղարքունիքի մարզում սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր եղել էին 2014 թվականին»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետը, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձևակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը: Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանիանվտանգության ծառայության պետը, դիմել է նրան` խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանը իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի»»: